ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանը պաշտպանել Իրանի «սպառնալիքներից»։ Ինչպես հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, ԱՄՆ-ի համար «միանգամայն պարզ է, որ Իրանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում»։

Պատասխանելով այն հարցին, որ Իրանը սաստկացնում է հռետորաբանությունը «հարեւան երկրների, ինչպիսին Ադրբեջանն է, հանդեպ, նրանք սպառնում են վերջին ժամանակներս, նրանք մեղադրել են Ադրբեջանին Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Կկարողանա՞ արդյոք Միացյալ Նահանգները պաշտպանել այդ հարեւան երկրները, եթե Իրանը շարունակի նրանց դեմ հռետորաբանությունը», Փրայսն ասել է. «Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղարը հնարավորություն ուներ հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Մեզ համար միանգամայն պարզ է, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանում։ Մենք այսուհետ եւս  կլինենք մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց եւ, ի վերջո, դիմակայել ապակայունացնող այն ազդեցությանը, որը գործադրում է Իրանն իր տարածաշրջանում եւ, գուցե, նրա սահմաններից դուրս»։

Հիշեցնենք, որ Շիրազում Շահ-Չերախ դամբարանում ահաբեկչության հետեւանքով զոհվել է 13, վիրավորվել ավելի քան 40 մարդ։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչությունը պատրաստվել էր Ադրբեջանի քաղաքացու կողմից։ «Գլխավոր կազմակերպիչն Ադրբեջանի քաղաքացի էր, որը Թեհրան գալուն պես անհապաղ կապվել էր Աֆղանստանում ԻՊ խմբավորման ներկայացուցիչների հետ եւ տեղեկացրել նրանց այն մասին, որ Իրանում է։ Մզկիթում ահաբեկչությունը կազմակերպած խմբի կազմում կային նաեւ Աֆղանստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ։

Մզկիթում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 26 մարդ։