Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական տպավորություն է ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որի հետ առաջին անգամ հանդիպել էր 2022 թվականի հոկտեմբերի 6–ին՝ Պրահայում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ե՛վ հեռախոսազանգը, ե՛ւ հանդիպումը դրական եմ գնահատում, որովհետեւ իմ եւ Թուրքիայի նախագահի ասածներն անհամատեղելի չէին իրար հետ, ինչի տպավորությունը երբեմն կարող է ստացվել մամուլի համար արվող  հայտարարություններից։ Բազմիցս ասել եմ, որ  բանակցությունների սեղանի շուրջ ասենք նույնը, ինչ ասում ենք հարցազրույցներ տալիս»,– ասաց վարչապետը եւ հավելեց, թե սա չի նշանակում, որ Հայաստանը կամ էլ Թուրքիան իր դիրքորոշումներից հրաժարվել են բանակցային սեղանի շուրջ։

«Եթե լինի հետեւողական աշխատանք, քաղաքական կամք ու ցանկություն այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,– նշեց Փաշինյանը։

Դիտարկմանը, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, սակայն Թուրքիան խոսում է Ադրբեջանի մասին եւ հարցին, թե Ադրբեջանի ազդեցությունը հայ–թուրքական հարաբերությունների  կարգավորման վրա կարո՞ղ է փոխել գործընթացը, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է.

«Նախկինում էլ ասվել է, որ  հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, բայց բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը այդ խոսակցության մեջ ներկա է, բայց առնվազն այն, որ պաշտոնական մակարդակում, երբ արձանագրվում է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների՝ վատ չէ, որովհետեւ կարող էր նաեւ պաշտոնական մակարդակում արձանագրվեր նախապայման հարաբերությունների կարգավորման համար։ Մյուս կողմից՝ ո՞վ է ասել, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորենք, մենք էլ ենք ուզում, եւ ես Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը փորձել եմ ներկայացնել մի շարք նրբություններ, թե Հայաստանն ինչպես է տեսնում մի շարք հարցերի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումները։ Փորձել եմ նաեւ հասկանալ, թե Թուրքիան կամ Ադրբեջանը Հայաստանի մի շարք դիրքորոշումներ ինչպես են ընկալում»։

Փաշինյանը, օրինակ, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի եւ արտաքին քաղաքական հարցերով  խորհրդականի հայտարարություններում նոր խոսույթ է նկատել։

«Նրանք հարցազրույցներում կարեւորել էին Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցը, որը շատ կարեւոր եւ նուրբ բաղադրիչ է»,– նշեց Փաշինյանը։