Պենտագոնի նախկին պաշտոնյա, պատմական գիտությունների դոկտոր Մայքլ Ռուբինը ասել է, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվի ահաբեկիչների հարցում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելուց, դաշինքի անդամ պետությունները պետք է Անկարային ահաբեկչության հովանավոր հայտարարեն։ Այս մասին նա գրել է 19FortyFive-ում հրապարակված իր սյունակում։

Ռուբինի խոսքով՝ Էրդողանը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի ցանկությունն օգտագործում է որպես հնարավորություն՝ «նվաստացնելու սկանդինավյան ժողովրդին եւ փող կորզելու նրանցից»։

Նրա խոսքով, Թուրքիայի նախագահը շվեդ քաղաքական գործիչներին բազմիցս ստիպել է «հնազանդվել»։

«Էրդողանը ազդանշան է տալիս իր հետեւորդներին, ոչ միայն Թուրքիայի ներսում, այլեւ Եվրոպայի զգալի սփյուռքի շրջանում, որ ժողովրդավարությունները թույլ են եւ անսկզբունքային, մինչդեռ նրա կառավարումը կարող է հզորության հասցնել», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախկին պաշտոնյան:

Նրա կարծիքով, Թուրքիայի ղեկավարը իր վերջին պահանջները ձեւակերպել է որպես ահաբեկչության դեմ արշավ, թեեւ իրականում ահաբեկչությունը նույնացնում է քաղաքական ընդդիմության եւ լրագրության հետ։

«ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի Էրդողանի չարաճճիություններին՝ կիրառելով ահաբեկչության իր սահմանումը Թուրքիայի նկատմամբ, կազմելով եւ տրամադրելով արտահանձնման կամ ազատազրկման համար արմատականների ցուցակները: Եթե ​​Էրդողանը հրաժարվի կատարել պահանջված չափանիշները, ապա ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ պետք է Թուրքիային հռչակի ահաբեկչության հովանավոր՝ իր ազգային օրենքներին համապատասխան՝ կիրառելով ցանկացած օրենսդրական պատժամիջոցներ, որոնք անհրաժեշտ են նման նշանակման համար»,- եզրափակել է պատմական գիտությունների դոկտորը։