Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին, Ստամբուլի ահաբեկչության առիթով հայտնած ցավակցությունների համար։

Ավելի վաղ Միրզոյանը ցավակցություններ էր հայտնել Ստամբուլի ահաբեկչության առիթով։ «Խորին ցավակցություններս եմ հայտնում Ստամբուլում մահասփյուռ պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում։

«Շնորհակալություն ձեր ցավակցությունների համար»,- արձագանքել է Չավուշօղլուն Թվիթերում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է վեց զոհի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը տեղեկացրել էր 81 տուժածի մասին եւ նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կատարող են համարում մի կնոջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ կասկածվող կինը ձերբակալված է։