Այս տարվա 13 նոյեմբերին Միլանի Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցու պատարարագը անցավ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ Արք. Պարսամյանի նախագահությամբ։

Պատարագի ավարտին Սրբազան Հայրն իր պատգամը փոխանցեց հավատացյալներին՝ նշելով, որ ինչպես մարմնի տարբեր անդամներն ունեն իրենց կարևոր նշանակությունը, այնպես էլ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին, ընթանում է իր բազմաթիվ անդամներով։ Ամեն մեկը մի կարևոր առաքելություն ունի եկեղեցու կյանքում։ Սրբազան Հայրը մասնավորեցնելով իր խոսքը՝ առանձնահատուկ գնահատանքը բերեց համայնքի երկու երախտավոր անձերին՝ 90-ամյա Երվանդ սարկավագ Երեցյանին, որ 6 տասնամյակ է արդեն, ինչ անձնվիրաբար ծառայում է եկեղեցուն և վառ օրինակ է մի քանի սերնդի համար, ինչպես նաև Լուսի Բալյանին, որ իր ազնիվ նվիրատվությամբ՝ ի հիշատակ իր զարմիկների՝ Անդրանիկ և Օհաննես Ճերճերյանների, նախատեսել է Տավուշի թեմում քաղցկեղով հիվանդ երեխաների վերականգնողական և հոգևոր կենտրոն հիմնել՝ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ Եպս. Գալստանյանի նախաձեռնությամբ։

Խոսքի ավարտին Սրբազան Հայրը հրավիրեց պատարագիչ՝ Իտալիո հոգևոր հովիվ Տ. Ներսես Աբղ. Հարությունյանին, ընթերցելու երկու Հայրապետական սրբատառ կոնդակ, որոնցով Սբ. Ներսես Շնորհալի շքանշան էր շնորհվում Երվանդ սարկավագ Երեցյանին և Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքանշան՝ տիկին Լուսի Բալյանին։

Իր գնահատանքի խոսքը հնչեցրեց՝ հանուն Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցու հոգաբարձուների խորհրդի, նաև ատենապետ Սարո Խոդավերդյանը։