Քրդական աշխատավորական կուսակցության ազգային պաշտպանության կենտրոնի շտաբի հրամանատարությունը տարածել է հայտարարություն, որում հերքել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանն իր մասնակցության վարկածը։

Քուրդ ակտիվիստները ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին, ապաքինում են մաղթել տուժածներին։ Նրանք նաեւ ընդգծել են, որ չեն թիրախավորում խաղաղ բնակիչներին։

«Մեր ժողովուրդը եւ ժողովրդավարական հասարակությունը քաջ գիտակցում են, որ մենք կապ չունենք այս միջադեպի հետ, մենք չենք թիրախավորում խաղաղ բնակչությանը եւ չենք իրականացնում քաղաքացիական անձանց դեմ ուղղված գործողություններ։ Մենք շարժում ենք, որը օրինական պայքար է մղում հանուն ազատության»,- ասվում է Kurdistan24 կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւում կանգնած են Քրդական աշխատավորական կուսակցությունը եւ Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG):