Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի ընդլայնված նիստ եւ աշխատակազմի ժողով, որոնք միաձայն եւ  կտրականապես դեմ են արտահայտվել Պետական գույքի կառավարման կոմիտեի առաջարկին` ՀՀ ԳԱԱ «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ք. Երեւան, Չարենցի 15 հասցեում գտնվող անշարժ գույքը Հաշվեքննիչ պալատին ամրացնելու, իսկ ՊՈԱԿ-ը ք. Երեւան, Ներսիսյան 25 հասցեում տեղակայելու վերաբերյալ:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ-ից։

«Ելնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված դրույթներից` պետական գույքի արդյունավետ օգտագործման եւ ներդրումներ ապահովելու վերաբերյալ, ժողովն արձանագրեց, որ հակասություն չկա Պետական գույքի կառավարման կոմիտեի նամակում հղված՝ հիշյալ ծրագրի բովանդակության եւ Ինստիտուտի գործունեության միջեւ: Ավելին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը ոչ միայն գերարդյունավետ է շահագործում իր պահանջները հազիվ բավարարող տարածքը, այլեւ տալիս է պատկառելի գիտական արտադրանք, որը չափելի է ներկայացված գործունեությամբ, աշխարհի ամենաբարձր ազդեցության գործակից ունեցող հանդեսներում առկա հրապարակումներով, նաեւ ակտիվ դեր է խաղում հանրային կարծիքի, ազգային ժամանակակից ինքնության ձեւավորման եւ փորձագիտական ու խորհրդատվական կարծիքների տրամադրման գործընթացներում, ինչպես եւ օժտված է ներդրումային մեծ հնարավորություններով (իրականացնում է Եվրամիության եւ այլ միջազգային բազմամիլիոնանոց ծրագրեր, արտասահմանյան խոշոր բյուջեով արշավախմբեր է ներգրավում երկրում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում, բացառիկ՝ որոշ դեպքերում միակ աղբյուրն է Հայաստանում տուրիզմի զարգացման համար)»,- նշվում է ԳԱԱ-ի հաղորդագրության մեջ։