Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսից լրացուցիչ 37,7 մլրդ դոլար կխնդրի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցելու եւ 9,25 մլրդ դոլար COVID-19-ի դեմ պայքարի համար՝ լրացուցիչ ֆինասնավորման հարցման շրջանակում, երեքշաբթի նշել են Սպիտակ տան ներկայացուցիչները։

Աղբյուրների խոսքով՝ վարչակազմը խնդրել է նաեւ 750 մլն դոլար վարակիչ այլ հիվանդությունների դեմ պայքարի համար եւ փնտրելու է տարերային աղետների հետեւանքները վերացնելու լրացուցիչ միջոցներ։

«Կոնգրեսը հնարավորություն եւ պարտավորություն ունի բավարարել ֆինանսավորման երեք լրացուցիչ եւ խիստ կարեւոր պահանջմունքներ, որոնք պետք է արժանանան երկկուսակցական աջակցությանը. ամերիկյան ժողովրդի պաշտպանությունը COVID-19-ից եւ կյանքերի փրկությունն ամբողջ աշխարհում; Ուկրաինայի ժողովրդին աջակցությունը; եւ աջակցությունն ամբողջ երկրում՝ կործանարար տարերային աղետներից հետո», ընդգծել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տնօրեն Շալանդա Յանգը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղած նամակում։

Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել են, որ վարչակազմը կենտրոնանալու է COVID-19-ի դեմ պայքարում կառավարության ֆինանսավորման եւ պատասխան գործողությունների, ինչպես նաեւ այն դատավորների հաստատումների վրա, որոնց լիազորությունները սպառվում են մինչեւ այս տարեվերջ։