Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ կարծում են, որ Թուրքիան անհարմար իրավիճակ է ստեղծել դաշինքի համար՝ ձգձգելով Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հայտի վավերացումը:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նպատակն այն է, որ շատ շուտով հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացվի Թուրքիայի եւ Շվեդիայի հետ։ Մենք միայնակ չենք այս հարցում: ՆԱՏՕ-ի շատ երկրներ իրավիճակը մի փոքր անհարմար են համարում ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության տեսանկյունից»,-ասել է նա։

Ավելի վաղ Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Քրիսթենսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ երկիրն ամբողջությամբ կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։