Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի աջակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 11-13-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղն այսօր եւ վաղը» խորագրով համաժողով, որին իրենց մասնակցությունը բերեցին  առաջատար մասնագետներ տարբեր երկրներից։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, քննարկվել են Արցախում հայկական մշակույթի  պահպանության խնդիրները, անդրադարձ է կատարվել նաեւ աշխարհաքաղաքական, դիվանագիտական եւ իրավական հարցերին:

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովների շարքում այս հանդիպումն արդեն չորրորդն է։

Քննարկվել են  արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական հոգեւոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերը՝ մտահոգությամբ անդրադառնալով հուշարձանների ոչնչացման փաստերին, ինչպես նաեւ արձանագրելով նախկինում Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հետեւողական պրակտիկան:

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց հետո, 1997-2006 թվականներին, Նախիջեւանի ողջ տարածքում ոչնչացվեց 89 եկեղեցի, մոտավորապես 6000 խաչքար եւ ավելի քան 22000 տապանաքար:

Համաժողովին ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմական հուշարձաններից հայկական հետքերը վերացնող աշխատանքային խմբի գործունեությունը եւ թույլատրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մշակութային ժառանգության մասնագիտական ու մոնիտորինգի անկախ խմբերին եւ համապատասխան այլ կազմակերպություններին հետեւել Լեռնային Ղարաբաղի հուշարձանների ներկա վիճակին:

Համապատասխան շահագրգիռ կողմերը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ապահովեն աղոթատեղիներ եւ գերեզմանատներ մուտք գործելու հիմնարար իրավունքները:

Կազմակերպիչները խոստացել են շարունակել համատեղ աշխատանքները եւ համաժողովի ավարտից հետո ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ավստրիայում, Ռուսաստանի Դաշնությունում եւ ԱՄՆ-ում կայացած համաժողովների ժամանակ բարձրաձայնված խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ:

Միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ ճնշում գործադրի ապահովելու Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը՝ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ներառյալ մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։