Հայաստանը բախվում է ցածր որակավորման մասնագետների խնդրին։ Այս մասին «Եվրասիական տնտեսական միության տնտեսական անվտանգությունը եւ կայունությունը. պետության եւ բիզնեսի հնարավորությունները» միջազգային համաժողովում, որն ընթանում է Երեւանում նոյեմբերի 17-ին, ասել է Ռուսաստանի ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենի խորհրդական Անտոն Մոսկալենկովը։

Հայաստանում ներդրումներ ներգրավելու համար, ըստ նրա, պետք է լուծել այս խնդիրը։ Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել։ «Հայ գործընկերների հետ քննարկում ենք Իրավասությունների կենտրոն ստեղծելու հարցը»,- ասել է Մոսկալենկովը։

Նրա համոզմամբ՝ այժմ տեխնոլոգիական եւ կադրային կապիտալն ամբողջ աշխարհում ավելի կարեւոր է ֆինանսական կապիտալից։ Փորձագետը խոսել է նախորդ ներդրումային հարացույցի հիման վրա զարգանալու անհնարինության մասին՝ նշելով փոփոխությունների անհրաժեշտության կարեւորությունը։ «Այս հարցը հրատապ է դարձել, երբ սկսվել է կադրերի տեղաշարժը Ռուսաստանից Հայաստան եւ Վրաստան, ինչն այդ երկրներում առաջ է բերել տնտեսության երկնիշ աճ։ Միեւնույն ժամանակ, մենք հարգում ենք դրսում գործընկերներ փնտրելու Հայաստանի ընտրությունը։ Երբեք չի կարելի ձու դնել մեկ բնում»,- ավելացրել է ռուս փորձագետը։