Հայաստանը տնտեսության աճի տեմպերով ԵՏՄ երկրների շարքում առաջատարն է։ Տարեվերջին տնտեսական աճ է կանխատեսվում  11 տոկոսի մակարդակում։ Այս մասին նոյեմբերի 17-ին Երեւանում կայացած «Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը, պետության եւ բիզնեսի հնարավորությունները» միջազգային համաժողովում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անտոն Մալախովը։ Դրան, նրա խոսքով, նպաստել է նաեւ դրամական փոխանցումների աճը։

Նա հայտնել է, որ ԵՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը արտաքին առեւտրի ընդհանուր կառուցվածքում 2022 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 36,2 տոկոս։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 32,2 տոկոս»,-ասել է Մալախովը։

Բանկի ներկայացուցիչը հայտնել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում 38 մլրդ դոլարի չափով ավելի քան 100 ներդրումային նախագծերի մասին: