ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը ընթացակարգի համաձայն կհայտարարվի դաշինքի գագաթաժողովում, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում, ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։

«Իրականում այլ միջոց չկա։ Դա պարզապես կլինի ընթացակարգին համապատասխան, այդպես է թելադրում օրացույցը, ավարտվում է Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը, պետք է հայտարարվի հաջորդ ղեկավարը։ Սա կապ չունի կոնկրետ թեկնածուների մասին խոսակցությունների հետ... Վերջնական որոշումները երբեմն այնպիսին են, որոնք ոչ ոք չէր կանխատեսել»,- ասել է Շիմոնիտեն։

Շիմոնիտեն չի մեկնաբանել Financial Times թերթի այն տեղեկությունը, որ ինքը նոր գլխավոր քարտուղարի թեկնածուներից մեկն է։