Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիայի կառավարությունը ցուցադրել է տեղեկության հոսքերը փակելու եւ հանրային բանավեճերի հանդեպ պետական վերահսկողություն սահմանելու վերջերս սաստկացրած կարողությունը, գրել է Bloomberg-ը։

Սոցիալական ցանցերը, ներառյալ Twitter-ը, Instagram-ը եւ YouTube-ը, արագ անհասանելի են դարձել կիրակի օրվա պայթյունից հետո եւ արգելափակվել են մինչեւ հաջորդ առավոտ։ Հեռարձակողները միջադեպի մասին տեղեկություններից միանգամից անցել են այլ թեմաների, քանի որ RTUK-ը՝ ԶԼՄ-ների վերահսկման մարմինը, արագ հեռարձակման արգելք է մտցրել։

Սահմանափակումներն ընդգծում են նոր լայն լիազորությունների մասին, որոնք թուրքական իշխանությունները տրամադրել են իրենք իրենց՝ տեղեկատվության տարածման հարցում, շնորհիվ այսպես կոչված «ապատեղեկատվության մասին օրենքի», որն ընդունվել է անցած ամիս։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ նրա դաշնակից ԱՇԿ-ի՝ դիտարկման մտցրած օրինագիծը հաջորդ տարվա ընտրությունների շեմին  մի շարք փոփոխություններ է կատարել մամուլի եւ ինտերնետի մասին օրենքներում եւ քրեական հանցագործություն է հայտարարել ցանցում «կեղծ տեղեկության» տարածումը։

Այս միջոցները կառավարությանը թույլ են տալիս «ուժեղացնել գրաքննությունը եւ ստիպել լռել քննադատող ձայներին Թուրքիայի գալիք ընտրություններից առաջ եւ հետագա շրջանում»,- հայտարարել է Amnesty International-ը՝ դրանց ընդունման օրն անվանելով «սեւ օր ինտերնետում կարծիքների արտահայտման ազատության համար»։ «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպությունը, որը մամուլի ազատության կողմնակիցն է, հայտարարել է, որ Էրդողանի գրասենյակն ուժեղացրել է հարձակումները լրագրողների դեմ, «որպեսզի շեղի ուշադրությունը երկրի տնտեսական եւ դեմոկրատական անկումից եւ ամրապնդի իր քաղաքական բազան»՝ 2023թ. ընտրություններին ընդառաջ։

Երկու պաշտոնյա Bloomberg-ին տեղեկացրել է, որ արգելքները պայթյունից հետո, որի հետեւանքով վեց մարդ զոհվել է եւ ավելի քան 80-ը՝ վիրավորվել, մտցվել են «անվտանգության նկատառումներով»։ Թուրքիան հարձակումների մեջ մեղադրել է Քրդական աշխատավորական կուսակցությանը, եւ մի քանի ժամ հետո ոստիկանությունը ձերբակալել է սիրիացի մի կնոջ, որը մեղադրվել է Ստամբուլի աշխույժ փողոցներից մեկում՝ Իսթիկլալ-Քադեսիում ռումբ տեղադրելու մեջ։

Ապատեղեկատվության մասին օրենքը հեռահաղորդակցությունները կարգավորողին, որը հայտնի է որպես BTK, ինտերնետի թողունակությունը կրճատելու իրավունք է տալիս։ BTK-ն թույլտվությունը փոխանցում է ծառայությունները մատակարարողներին, որոնք այն պետք է կատարեն չորս ժամվա ընթացքում։ Եթե դա չարվի, նրանց սպառնում են կոմերցիոն արգելքներ մինչեւ վեց ամիս ժամկետով, թողունակության դանդաղում 90 տոկոսով եւ տուգանքներ։

Օգտատերերն առանձին, որոնք կդատապարտվեն ապատեղեկատվության տարածման համար, կարող են բանտարկվել երեք տարով, եթե նրանց մեղքն ապացուցվի։ Հեռարձակող ընկերությունները, որոնք չեն հետեւի արգելքներին, կարող են տուգանվել նախորդ ամսվա գովազդից ստացած իրենց եկամուտների 3 տոկոսի չափով։

Turkcell Ilesitim Hizmetleri AS-ը՝ Թուրքիայում վաճառքների ծավալով կապի ամենամեծ օպերատորը, եւ Turk Telekomunikasyon AS-ը, որոնք վերահսկվում են Թուրքիայի բարեկեցության ինքնիշխան հիմնադրամի կողմից, հրաժարվել են մեկնաբանել այս սահմանափակումները։ Vodafone Group Plc-ի թուրքական մասնաճյուղը հայտարարել է, որ հետեւում է բոլոր երկրների օրենքներին, որտեղ աշխատում է։ Twitter Inc-ը եւ Meta Platforms Inc-ը՝ Facebook-ի, Instagram-ի եւ WhatsApp-ի սեփականատերերը, չեն պատասխանել մեկնաբանությունների խնդրանքին։

Չնայած արգելքին՝ որոշ թուրք ղեկավարներ, այդ թվում Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան, Թվիթերն օգտագործել են կիրակի երեկոյան։ Սահմանափակումները կարելի է շրջանցել VPN-ի օգնությամբ, որոնք ընդունված են տեխնիկապես կաշկանդված թուրքերի կողմից, եւ որոնք գրաքննությունը շրջանցելու ուղիներ են որոնում։

We Are Social գործակալության հետազոտության համաձայն՝ Թուրքիան անցած տարի զբաղեցրել է վեցերորդ տեղն աշխարհում VPN-ի օգտագործման մակարդակով՝ 31 տոկոս։ Google Trends-ը ցույց է տվել, որ «VPN»-ի որոնումների քանակը Թուրքիայում կտրուկ ավելացել է գրոհից հետո։

Երկու տարի առաջ ընդունված մեկ այլ օրենք պահանջում է, որպեսզի սոցիալական ցանցերի ընկերությունները ներկայացուցիչեր նշանակեն Թուրքիայում, տվյալները պահեն տեղում եւ կատարեն իրենց պլատֆորմներից կոնտենտը հեռացնելու  իրավաբանական պահանջները, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում նրանց տուգանքներ են սպառնում։