Իրանում ձերբակալելն են երկու հայտնի դերասանուհիների, որոնք համերաշխություն էին հայտնել բողոքի շարժմանը եւ հրապարակայնորեն հանել էին հիջաբները։ Այս մասին գրել են պետական ԶԼՄ-ները։

IRNA տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Խենգամե Գազիանին եւ Կատայուն Ռիահին կալանավորվել են այն բանից հետո, երբ կանանց կանչել են դատախազություն՝ սոցիալան ցանցերում նրանց «սադրիչ» հաղորդագրությունները  հետաքննելու համար։

Ինչպես գրել է The Guardian-ը, Իրանի հոգեւոր ղեկավարությունը ցնցված է ավելի քան երկամսյա ցույցերից, որոնք սկսվել էին ծագումով քուրդ 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո։ Նրան Թեհրանում ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը։

Իսլամական հանրապետության իշխանությունները ցույցերն անվանում են «անկարգություններ» եւ դրանց հրահրման մեջ մեղադրում են երկրի արեւմտյան թշնամիներին։

Գազիանին Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ հանում է հիջաբը։ «Գուցե սա իմ վերջին գրառումն է»,- գրել է նա։

«Այս պահից, ինչ էլ որ ինձ հետ պատահի, իմացեք, որ, ինչպես միշտ, ես մինչեւ վերջին շունչս իրանցի ժողովրդի հետ եմ»,- հայտարարել է դերասանուհին։

Տեսանյութում Գազիանին անխոս նայում է խցիկին, իսկ հետո շրջվում եւ մազերը պոչ է կապում։

Անցած շաբաթ արված հաղորդագրությունում նա Իրանի կառավարությանը մեղադրել է  ավելի քան 50 երեխայի «սպանության» մեջ։