Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նախօրեի երեկոյան Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Նրանք քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, տեղեկացրել է Mehr գործակալությունը։

Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության եւ միջազգային սահմանների անփոփոխելիության նկատմամբ։

Մեկնաբանելով Իրանի արտաքին գործերի նախարարի վերջերս Հայաստան կատարած այցը եւ Կապանում ԻԻՀ-ի գլխավոր հյուպատոսության բացումը՝ Սաֆարյանն այդ իրադարձություններն անվանել է բեկումնային պահ երկու երկրների միջեւ հարաբերությունների համար։

Նշելով Իրանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման առկա պոտենցիալը՝ փոխնախարարն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերահսկողության եւ դրանց իրականացման ջանքերի անհրաժեշտությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարն, իր հերթին, գոհունակություն է հայտնել բարեկամական երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման առիթով։

Նա նաեւ Կապանում ԻԻՀ-ի գլխավոր հյուպատոսության բացումը գնահատել է որպես գործնական եւ կարեւոր քայլ ապրանքաշրջանառության ծավալի ավելացման եւ տնտեսական կապերի զարգացման համար։