Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 9-ին Բիշքեկում, տեղեկացրել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ երկուշաբթի օրը Ղրղըզստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Այլ հարցերի շարքում քննարկվել է նաեւ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գալիք նստաշրջանի պատրաստությունը։

Հիշեցնենք, որ վերջին նիստը տեղի էր ունեցել մայիսի 27-ին, տեսակոնֆերանսի ռեժիմով։ Մասնակցել են ԵԱՏՄ-ի բոլոր անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Բելառուսի եւ Հայաստանի եւ երկու դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի եւ Կուբայի ղեկավարները։

Նիստի արդյունքներով ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարները հաստատել են 2022-2023թթ. մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները եւ ընդունել մի շարք որոշումներ ու փաստաթղթեր տնտեսական հետագա զարգացման եւ ինտեգրացիայի խորացման վերաբերյալ։