Հայ-ամերիկյան գործարար կապերը եւ առեւտրաշրջանառությունը վերընթաց հունով է զարգանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Հայկական բիզնես անկյուն» նախագծի շնորհանդեսի ժամանակ իր խոսքում նշեց Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը, ով եղել է Լոս Անջելեսում Հայաստանի առաջին հյուպատոսը:

«Եթե անցյալ տարվա ընթացքում Հայաստան-ԱՄՆ առեւտրային շրջանառությունը, արտահանումն ու ներկրումը միասնաբար, ըստ ամերիկյան վիճակագրական պաշտոնական գործակալության տվյալների, կազմել է 132 մլն դոլար, ապա 2022-ի հունվար-սեպտեմբերին արդեն այն կազմել է 189 մլն դոլար, ակնկալվում է, որ 200 մլն-ի շեմը կհատի: Սա վկայում է ոչ միայն Հայաստանից արտահանման աճի շրջանակներում ամերիկյան չափաբաժնի ավելացման մասին, այլեւ վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ում հայկական արտադրանքը պահանջարկ է վայելում: Այդ առեւտրաշրջանառության մեջ մեծամասնությունը Հայաստանի ԱՄՆ արտահանումն է:

Եթե խոսում ենք պահանջարկի մասին, պետք է երկու հարթություն ուրվագծենք: Առաջինը տեղական էթնիկ շուկան է, հայկական շուկան, որը համեմատաբար սահմանափակ է, թեեւ ահռելի շուկա է՝ հաշվի առնելով, որ հայ բնակչությունն ԱՄՆ-ում կազմում է 750-800 հազար: Միաժամանակ, ընդհանուր տվյալների հենքի վրա դա այնքան էլ մեծ չէ: Հայ արտադրողի կարեւոր առաքելությունը պետք է լինի ներթափանցել բուն ամերիկյան շուկա՝ 40 մլն բնակչություն ունեցող Կալիֆոռնիա, մյուս նահանգներ: Իհարկե, պահանջարկ կա, բայց մրցակցությունն էլ մեծ է: Այդուհանդերձ, հայկական ապրանքատեսակներ կան, որ մրցունակ են, կարող են հաղթանակած դուրս գլ մրցակցության մեջ»,-ասաց Բայբուրդյանը:

Նրա խոսքով, «Հայկական բիզնես անկյուն» նախագծի գաղափարները խանդավարությամբ է ընդունել. «Որովհետեւ եթե գործարարները միասնական հարթակով են հանդես գալիս, դա ամբողջությամբ փոխում է իրենց մրցունակության չափանիշը: Նրանք անմիջապես առավելություն են ստանում: Այնպես որ, «Հայկական բիզնես անկյունը» նոր հնարավորություններ կբացի մեր գործարարների, հայկական արտադրանքի համար ոչ միայն տեղական շուկայում տեղ գրավել, այլեւ ներթափանցել ամերիկյան շուկա: Դրա համար ջանքեր պետք է գործադրել: Դա իր մեթոդաբանություն ունի: Այս հարթակը կոչված է աջակցելու այդ գործընթացին»,-ասաց դեսպանը:

Նշենք, որ «Հայկական բիզնես անկյուն» նախագծի բացմանը մասնակցում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մի շարք բիզնեսների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: «Հայկական բիզնես անկյուն» նախագծի շրջանակում 20 հայ արտադրող հնարավորություն կունենա ԱՄՆ-ում մասնակցելու ABC Corner-ին: