Ճապոնիան նախազգուշացնում է, որ հեղուկ բնական գազի համաշխարհային մրցակցությունը կուժեղանա առաջիկա երեք տարիների ընթացքում՝ անբավարար ներդրումների պատճառով, գրում է Bloomberg-ը։

Ըստ առեւտրի նախարարության կողմից ճապոնական ընկերությունների հարցման՝ երկարաժամկետ ՀԲԳ պայմանագրերը, որոնք սկսվում են մինչեւ 2026 թվականը, սպառվել են։ Այս տեսակի պայմանագրերը կարեւոր են գնորդների համար, քանի որ առաջարկում են կայուն գներ եւ հուսալի առաքումներ երկար տարիների ընթացքում:

Աշխարհի երկրները ձգտում են էլեկտրակայանների եւ ջեռուցման սարքավորումների համար վառելիքի մատակարարում ապահովել խոշոր արտահանողներից, ինչպիսիք են Կատարը եւ ԱՄՆ-ը, սակայն նոր մատակարարումները քիչ կլինեն մինչեւ 2026 թվականը, ինչը կսրի վառելիքի համաշխարհային պակասը:

Սա նշանակում է, որ ներկրողները ստիպված կլինեն ավելի շատ հույս դնել անկայուն եւ թանկ սփոթ շուկայի վրա, որը ներկայումս երկարաժամկետ պայմանագրերից գրեթե երեք անգամ ավելի թանկ առեւտուր է անում: Հեղուկ բնական գազի ներկրողների միջազգային խմբի տվյալներով՝ անցյալ տարի ՀԲԳ մատակարարումների շուրջ 30 տոկոսն իրականացվել է սփոթ շուկայի միջոցով։

Ճապոնիայի նախարարության պաշտոնյաները եւ էներգետիկ ընկերությունների ղեկավարները հանդիպել են՝ քննարկելու ՀԲԳ-ի գնման ծրագրերը: Ճապոնիան պատրաստվում է դառնալ աշխարհի ամենամեծ ՀԲԳ ներկրողն այս տարի, եւ վառելիքը երկրի գլխավոր ընտրությունն է էներգիայի արտադրության համար:

Առեւտրի նախարարության փաստաթղթում ասվում է, որ ՀԲԳ-ի արտահանման նախագծերում ներդրումների բացակայությունը նշանակում է, որ մատակարարումները շատ սահմանափակ կլինեն երկար տարիներ: Փաստաթղթի համաձայն, եթե ռուսական գազը Եվրոպա տանող գազատարն ամբողջությամբ անջատվի, ապա 2025 թվականի հունվարին աշխարհը կարող է բախվել 7,6 միլիոն տոննա ՀԲԳ-ի պակասի, որը համարժեք է Ճապոնիա մեկ ամսվա ներմուծմանը:

Ճապոնիան քայլեր է ձեռնարկում բարելավելու էներգետիկ անվտանգությունը՝ թույլ տալով կառավարությանը ՀԲԳ-ն սփոթային շուկայում գնել, եթե ընկերությունները չկարողանան դա անել: