Իրանի եւ Հայաստանի միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը կծառայի երկու երկրների շահերին եւ կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Կանին, հայտնում է Press TV-ն։

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը տրամադրված է երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը։ Հայ դիվանագետն իր հերթին ողջունել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ հայտարարել, որ Երեւանը հաստատակամ է Թեհրանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, հատկապես առեւտրատնտեսական ոլորտում։ Նա հույս է հայտնել, որ Իրանն ու Հայաստանը կշարունակեն ամրապնդել աճող կապերը։

Բաղերի Կանին եւ Սաֆարյանը քննարկել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները եւ ընդգծել տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության ամրապնդման կարեւորությունը։

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Սաֆարյանն ավելի վաղ հանդիպել էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ։

Ամիր-Աբդոլլահիանը նշել է, որ հոկտեմբերին Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը գործնական եւ կարեւոր քայլ էր առեւտրային փոխանակումների եւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար։