Մոսկվան սիրիական տարածքների գնդակոծման համատեքստում Անկարային զսպվածության կոչ է անում, չի կարելի լարվածության թեժացում թույլ տալ, ասել է ՌԴ նախագահի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր թուրք գործընկերներին որոշակի զսպվածության կոչ ենք անում, որպեսզի թույլ չտրվի լարվածության թեժացում, ընդ որում՝ ոչ միայն Սիրիայի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան շրջաններում, այլեւ ամբողջ տարածքում»,- ասել է Լավրենտեւը Աստանայում սիրիական կարգավորման բանակցությունների 19-րդ փուլի սկզբում։

Նրա խոսքով՝ շահագրգիռ կողմերի հետ աշխատանքը պետք է շարունակել, փորձել գտնել «քրդական հարցի» խաղաղ լուծում։

Լավրենտեւը նշել է, որ Թուրքիան նախապես չի տեղեկացրել ՌԴ-ին Սիրիայում եւ Իրաքում օդային գործողության մասին, հարցը քննարկվելու է Աստանայում Սիրիայի վերաբերյալ հանդիպման ընթացքում։

«Մենք հույս ունենք համոզել մեր թուրք գործընկերներին ձեռնպահ մնալ սիրիական տարածքում չափից ավելի ուժ կիրառելուց»,- ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Նա ավելացրել է, որ Սիրիային եւ Իրաքին Թուրքիայի հասցրած հարվածները պայմանավորված են եղել Ստամբուլում նոյեմբերի 13-ի ահաբեկչությամբ։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան տարեսկզբից, Անկարայի հնարավոր ցամաքային գործողության հայտարարությունների համատեքստում, արել է հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտա Թուրքիայի ցամաքային գործողությունը Սիրիայում, եւ դա հաջողվել է կանխել։