Եվրոպացի նախարարները կհանդիպեն Փարիզում, որպեսզի պայմանավորվեն տիեզերքի ֆինանսավորումն ավելի քան 25 տոկոսով ավելացնելու հարցը հաջորդ երեք տարիների ընթացքում, քանի որ Եվրոպան ձգտում է պահպանել առաջնորդությունը Երկրի դիտարկումներում, ընդլայնել նավիգացիոն ծառայությունները եւ մնալ հետազոտությունների կարեւոր գործընկեր, տեղեկացրել է Reuters-ը։

Եվրոպական տիեզերական գործակալությունը պետական ֆինանսների վրա գործադրվող ճնշման, ինչպես նաեւ Ուկրաինայում պատերազմի համատեքստում 22 երկրների խնդրում է 2023-2025թթ. աջակցել բյուջեին 18,7 մլրդ եվրոյի չափով՝ 2019թ. 14,5 մլրդ եվրոյի համեմատ, որն ընդունվել էր վերջին գագաթաժողովում։

«Անդամ պետություններում բազմաթիվ կարծիքներ կան... եւ կա պատրաստակամություն՝ գտնելու առաջ տանող ուղին»,- ասել է գործակալության խորհրդի նախագահ Աննա Ռաթսմանը նոյեմբերի 22-23-ի բանակցությունների նախօրեին։

ՆԱՍԱ-ի նոր՝ եվրոպական ծառայողական մոդուլով լուսնային հրթիռի անօդաչու արձակումից մի քանի օր հետո փարիզյան հանդիպումը քննարկելու է նոր լոգիստիկ վայրէջքային մոդուլի՝ Argonaut-ի պլանները Լուսնի համար։

Մյուս նախաձեռնությունները ներառում են Եվրոպայի գլոբալ նավիգացիոն համակարգի ընդլայնումը ցածր երկրամերձ ուղեծրում եւ նոր արբանյակային առաքելության՝ Harmony-ի արձակումը կլիմայի հետազոտությունների ընդլայնման համար։

Եվրոպան ձգտում է մեծացնել իր մասնակցությունը տիեզերքի կոմերցիալացման հարցում, որտեղ ներկայում գերիշխում են ամերիկյան ընկերությունները, որոնցից մեկն է SpaceX-ը։

Տիեզերքի ոլորտում կատարվող մասնավոր ներդրումները 2017-2021թթ. ավելացել են 86 տոկոսով ամբողջ աշխարհում, որոնցից միայն 14 տոկոսն է կատարվում Եվրոպայում։