Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը իր տարածաշրջանի կառավարություններին կոչ է արել վերանայել COVID-19-ի հետ կապված ընկերություններին ցուցաբերվող աջակցությունը։  ՎԶԵԲ-ը զգուշացրել է, որ «զոմբի ընկերություններին» տրամադրվող աջակցությունը  կարող է դոմինոյի ազդեցություն ունենալ առողջ բիզնեսի համար, հայտնում է Reuters-ը։

Այն դեպքում, երբ կորպորատիվ պարտքը հասել է ռեկորդային մակարդակի մոտ 40 երկրներում, որտեղ գործում է ՎԶԵԲ-ը, շատ երկրներում դեֆոլտների թիվը նվազել է ռեկորդային ցածր մակարդակի, նշվում է ամենամյա «2022-23 թվականների անցումային շրջանի զեկույցում»:

ՎԶԵԲ-ը, որն ընդգրկում է Ղազախստանից մինչեւ Հունգարիա եւ Թունիս ձգվող երկրները, պնդում է, որ որոշ ընկերություններ խուսափել են դեֆոլտից՝ էժան վարկի հասանելիության շնորհիվ, որը, նախաձեռնել են կառավարությունները՝ հաշվի առնելով համաճարակը եւ Ուկրաինայի պատերազմը: Սակայն բարձր տոկոսադրույքների պայմաններում մշտական աջակցությունը դադարել է կայուն լինել, նշել է ՎԶԵԲ-ը:

«Մենք մինչ օրս չենք տեսնում համաճարակի եւ պատերազմի հետեւանքները՝ սնանկությունների տեսանկյունից։ Իրականում ԵՄ նոր անդամ երկրներում սնանկությունների թիվը նվազել է»,- ասել է ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորչիկը։ «Կա զոմբիացման վտանգ, եթե կառավարությունների կողմից արտակարգ միջոցառումները երկարացվեն»:

 ՎԶԵԲ-ը նախազգուշացրել է, որ տնտեսության մեջ «զոմբի ընկերությունների» առկայությունը բացասական հետեւանքներ է ստեղծում առողջ ընկերությունների համար, որոնց ներդրումները, եկամուտը եւ զբաղվածությունը կրճատվում են:

Պետական ​​վարկային երաշխիքների եւ սուբսիդիաների ցանկացած դադարեցում պետք է աստիճանաբար լինի՝ ցնցումներից խուսափելու համար, եւ պետք է հստակ կարգավորվի, որպեսզի ֆինանսական օգնություն ստանան միայն վճարունակ եւ կենսունակ ընկերությունները, որոնք ունեն իրացվելիության հետ կապված ժամանակավոր խնդիրներ»:

ՎԶԵԲ-ը պարզել է, որ այս խնդիրն ավելի արդիական է այն երկրներում, որտեղ գերակշռում են պետական ​​ընկերությունները եւ բանկերը։ Ընտրված 12 երկրների դեպքում պետական ​​ձեռնարկությունների 13 տոկոսը-ը կարող է համարվել զոմբի ընկերություն՝ համեմատած մասնավորների 9 տոկոսի հետ։

ՎԶԵԲ-ի զեկույցի համաձայն  վեց հիմնական ոլորտներում՝ ՝ մրցունակությունից եւ կայունությունից մինչեւ կառավարման պրակտիկա, երկրների կատարած բարեփոխումներում կա ոչ միանշանակ առաջընթաց։

Կենտրոնական Եվրոպայի, Բալթյան եւ հարավարեւելյան Եվրոպայի երկրներում հիմնականում նկատվել է ցուցանիշների աճ, մինչդեռ  հարավային եւ արեւելյան միջերկրածովյան երկրների տնտեսություններում ցուցանիշները նվազել են։ «Կառավարման գնահատականները վատթարացել են շատ երկրներում՝ հիմնականում կոռուպցիայի եւ մամուլի ազատության սահմանափակումների հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով», - ասվում է զեկույցում: