Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները մի քանի մակարդակներումեն բավականին խորը, առաջին հերթին տնտեսական հարաբերությունները, որոնք գրեթե զուգահեռ ռազմական հարաբերություններին խորցել են: Այս մասին NEWS.am-ւ հետ զրույցում նշել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Իսրայելն այսօր տարեկան գրեթե մեկ մլրդ դոլարի նավթ է ներկրում Ադրբեջանից: Իսրայելը Ադրբեջանից մեծ ծավալներով նավթ սկսել է ներկրել Բաքու-Ջեյհան նավթամուղի շահագործումից հետո, որը 2006 թվականին էր: Այդ երկրների միջեւ ատռեւտրաշրջանառության 99 տոկոսը հենց նավթի ներկրումներն են: Իսրայելի նավթի պահանջմունքի 30-40 տոկոսն Ադրբեջանն է բավարարում: Սա նաեւ քաղաքական  հարաբերությունների առումով կարեւոր գործոն է:

Ադրբեջան-Իրսյալե հարաբերություններում հաջորդը Իրանի գործոնն է, որը միշտ առկա է եղել: Իսրայելը Ադրբեջանին միշտ պատկերացրել է որպես պլացդարմներից մեկը Իրանի դեմ առնվազն քարոզչական եւ այլ գործողություններ իրականացնելու նպատակով: Սրանից է բխում, որ ռազմատեխնիկական հարաբերություններում լրջագույն տեղ է հատկացվել այն ուղղություններին, որոնք առաջին հերթին Իրանի դեմ են ուղղված: Օրինակ, 2011-ին Կասպիցի ափին հիմնվել է բազա, որտեղ իսրայելական արտոնագրով ռազմանավեր են հավաքվում, որոնք Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն օգտագործում է Կասպից ծովում»,-ասաց ադրբեջանագետը:

Անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին, Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ վերջին 2-3 ամիներին նկատելի է այդ երկրների միջեւ առկա բոլոր կարմիր գծերի խախտումներ. «Ալիեւի եւ բոլոր ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հնչում են հստակ հակաիրանյան հայտարարություններ: Ընդ որում դրանք անջատողական բնույթի են, սատարում են Իրանի անջատողական շարժումներին, մասնավորապես Իրանի հյուսիսային շրջաններն անվանում են Հարավային Ադրբեջան: Սա չի կարող անպատասխան մնալ Իրանի կողմից: Ադրբեջանը փորձում է այս ամենն իրականացնել որպես պատասխան քայլ հայ-ադրբեջանական հարաբերություններում Իրանի դիրքորոշմանը, որտեղ Իրանը հայտարարել էր, որ տարածաշրջնում սահմանների ցանկացած փոփոխության: Այս ֆոնին զարմանալի չէ, որ Ադրբեջանը որոշում է դեսպանատուն բացել Իսրայելում»:

Ադրբեջանագետի խոսքով, տարածաշրջանում Իրանը համբերատար քաղաքականություն է վարում եւ հավանականությունը շատ փոքր է, որ կարճաժամկետ հեռանկարում ռազմական գործողություններ կիրականացնեն Ադրբեջանի դեմ. «Բայց իրենք ունեն իրենց գործիքակազմը ազդեցություն ունենալու: Իրենք, կարծում եմ՝ աստիճանաբար կսկսեն այդ գործիքակազմը կիրառել, առնվազն քաղաքական ու տնտեսական մակարդակում»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում