ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը երկրի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է անցած շաբաթ ստորագրված Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համատեղ Ասիական զարգացման բանկի՝ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» բյուջետային աջակցության ծրագիրը, որի ներքո ԱԶԲ-ն հատկացրել է 100 մլն ԱՄՆ դոլար:

Քննարկվել են Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումները և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ընթացիկ ծրագրերը:

Մատնանշվել են 2024-2028 թթ. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ծրագրային առաջնահերթությունների շրջանակներում հնարավոր նոր համագործակցության ուղղությունները: