Եվրոպան պետք է բարձրացնի տիեզերքում իր ռազմավարական ինքնավարությունը՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ մրցակցելու համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լը Մերը՝ ելույթ ունենալով Փարիզում Եվրոպական տիեզերական գործակալության անդամ երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է Politico-ն։

Նա ասել է, որ մայրաքաղաքները պետք է վճարեն «տիեզերքում ինքնավար հասանելիության համար»։ «Պետք է լինի միասնական Եվրոպա, միասնական եվրոպական տիեզերական քաղաքականություն եւ անսասան միասնությունը՝ հակազդելու չինական եւ ամերիկյան նկրտումներին»,-ասել է Լը Մերը։

Չնայած Եվրոպան սեփական արբանյակային համակարգերը ունի՝ կլիմայի փոփոխության մոնիթորինգի համար, նա  հնարավորություն չունի իր տիեզերագնացներին ուղարկել տիեզերք կամ, օրինակ, առաջարկելու արբանյակային կապի կոմերցիոն ծառայություններ։

«Անկախության համար պետք է գին վճարել, եւ մենք պետք է վճարենք այդ գինը»,-հավելել է Լը Մերը։

Ֆրանսիան, որպես կանոն, եվրոպական օդատիեզերական առաջնորդ է, սակայն 2019-ին EKA-ի վերջին գագաթաժողովի ժամանակ Գերմանիան առաջ է անցել որպես բյուջեի խոշորագույն դոնոր։