Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի հետ «Bull Run-19» ամենամյա համատեղ մարտավարական զորավարժությունները, հայտնում է լեհական Radio 5-ը։

Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Վարմիա-Մազուրյան վոեւոդությունում, որը գտնվում է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին, եւ Պոդլյասկայի վոեւոդությունում, որը սահմանակից է Բելառուսին:

Միջոցառումներին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 22-24-ը, կմասնակցեն Լեհաստանում տեղակայված Գիժիցայի 15-րդ մեխանիզացված բրիգադի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի գումարտակի մարտական խմբի զինծառայողները։

«Զինվորները կստուգեն կապի համակարգերը, կծանոթանան տեղանքի ու ճանապարհների առանձնահատկություններին։ Զորավարժությունները նախատեսված են ստուգելու, թե սպառնալիքի իրավիճակում դաշնակիցների ուժեղացված ուժերը ինչպես են աշխատում միասին՝ անվտանգությունը ապահովելու եւ ագրեսորին զսպելու համար»,- ասել է բրիգադի շտաբի պետի պաշտոնակատար, փոխգնդապետ Պյոտր Պոլբրատեկը:

Զորավարժությունների նպատակն է բարձրացնել այս տարածքներում լեհական եւ դաշնակից զորքերի աշխատանքի արդյունավետությունը։ Սպասվում է զինտեխնիկայի շարասյուների ակտիվ տեղաշարժ դեպի նշանակված տարածքներ։