Հոկտեմբերի 31-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողություն են արել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները: Նրանց ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքից օրեր անց գողությունը բացահայտվեց։ Չարենցի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին հանցագործություն կատարած անձին, որը Ստեփանավան քաղաքի 50-ամյա բնակիչ է: Նա ներկայացվեց Արաբկիրի քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք։ Իրավապահների հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ ձերբակալվածը օգոստոս, սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին Երևանի տարբեր փողոցներում կայանված «Մերսեդես» մակնիշի երեք ավտոմեքենայից ևս գողություն էր արել:

Դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: