Բանկային աշխատողի օրվա առթիվ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ կայացավ դասական երաժշտության տոնական համերգը։ Համերգին ելույթ ունեցան «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Տալենտում կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուները։ Պատանի տաղանդների կատարմամբ հնչեցին հայ և օտարազգի համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ գունեղ երանգ հաղորդելով համերգային երեկոյին։

Հայաստանի բանկերի միությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկաներին ուղղված ՀԲՄ շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված էր․ «Այսօր հպարտությամբ ենք նշում, որ տասնամյակներ շարունակ դիմակայելով ներքին և արտաքին գործոններով պայմանավորված փորձություններին՝ բանկային համակարգը բազմիցս է ապացուցել, որ կայացած է, մրցունակ, հուսալի ու վստահելի։ Այս ամենի կողքին հպարտորեն նաև փաստում ենք, որ տարիների կայացման ու զարգացման ճանապարհը բանկերին հաջողվել է անցնել իրենց աշխատողների մասնագիտական բարձր որակների և ամենօրյա եռանդուն ու նվիրված աշխատանքի շնորհիվ։ Շնորհավորելով բանկային համակարգի աշխատողիներին՝ մաղթում ենք քաջառողջություն, մասնագիտական     ձեռքբերումներ և արդյունավետ աշխատանքային գործունեություն»:

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի փոխանցմամբ` տոնական համերգային ծրագիրը յուրօրինակ նվեր էր բանկային համակարգի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ։

«Տալենտում ծրագրի բոլոր կրթաթոշակառուների և անձամբ իմ անունից շնորհավորում ենք մասնագիտական տոնի՝ Բանկային աշխատողի օրվա առթիվ, և ցանկանում նշել, որ Հայաստանի բանկերի միության և բանկերի հետ ձեռք բերված համագործակցության շնորհիվ է հնարավոր դառնում շարունակել Հայաստանի պատանի տաղանդների համար այդքան կարևոր կրթական և զարգացման Talentum ծրագիրը: Լիահույս եմ, որ բանկային համակարգի հետ մեր համագործակցությունը կընդլայնվի և կունենա արդյունավետ շարունակություն: Իսկ դա հնարավորություն կընձեռի Talentum կրթական և զարգացման ծրագրին ընդգրկել ավելի շատ տաղանդավոր պատանիների՝ ի նպաստ վաղվա Հայաստանի մշակութային զարգացման»,- նշում է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։

Տոնական երեկոյի ավարտին Հայաստանի բանկերի միությանը հանձնվեց շնորհակալագիր՝ ի նշան «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի և առևտրային բանկերի հետ հաստատված համագործակցության։

03.jpg (102 KB)

05.jpg (143 KB)