Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ նոյեմբերի 23–ին, տեղի է ունենում «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» կարգախոսով ակցիա։

Ակցիայի մասնակիցների խոսքով, ՀԱՊԿ–ը որեւէ հստակ գնահատական չի տալիս հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«ՀԱՊԿ–ից մենք ստացանք ոչ թե անվտանգություն, այլ Ադրբեջանին քաղաքական աջակցություն։ Մենք ստացանք այն, որ առնվազն Ռուսաստանն ու Բելառուսը քաղաքականապես աջակցեցին Ադրբեջանին, իսկ մյուս երկրներն առանձնապես ուրիշ ոչինչ չարեցին։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ–ից, ԵԱՏՄ–ից։ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն իրավունք չունեն ոտք դնելու Հայաստան»,– նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։

Հակառուսական հայացքներով հայտնի գործիչ Տիգրան Խզմալյանին էլ քիչ առաջ բերման են ենթարկել Պարոնյան փողոցից։ Խզմալյանը ոստիկանության բաժանմունքից լուսանկար է հրապարակել՝ առանց որեւէ մեկնաբանության։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ Պարոնյան փողոցից 4 անձ է բերման ենթարկվել։

Նշենք, որ «Դվին» հյուրանոցում ընթանում է ՀԱՊԿ ԱԳ, ՊՆ նախարարների, ԱԽ քարտուղարների մասնակցությամբ խորհրդի նիստը, որին հաջորդելու է ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր ղեկավարները, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ երեկ էլ Երեւանում բողոքի ակցիա էր իրականացրել Ազգային ժողովրդավարական բևեռը։ Բեւեռի անդամները նշել են. «Ոչ բարեկամ, ավելին` Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ՀԱՊԿ երկրների ղեկավարների, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը պետք է ստանա արժանապատիվ հակազդեցություն»։