Գերմանիայից խուլ շունը երկու ամսում սովորել է ժեստերի լեզուն, գրում է LADBible-ը։ Այժմ շունը կարող է շփվել տիրոջ հետ եւ հասկանում է հրամանները։

Երբ Ջո Լե Փեյջն իմացել է, որ Ռաֆա անունով իր շունը խուլ է, սկսել է  նրան ժեստերի լեզուն սովորեցնել։ Երկու ամսվա ընթացքում կենդանին սովորել է մի քանի հրամաններ՝ «նստիր», «կանգնիր», «թաթդ տուր», «պառկիր», «ինձ մոտ», սակայն ուսուցումը դեռ չի ավարտվել։ 

Կնոջ խոսքով՝ ինքը ցանկանում է կենդանուն սովորեցնել նաեւ այլ նշաններ, որպեսզի նրանց համար ավելի հեշտ լինի շփվել։

«Նա կարող է դառնալ առաջին խուլ թերապեւտ շներից մեկը», - ասել է սեփականատերը:

Փեյջը հիշում է, որ երբ հունիսին գնել է շանը, գաղափար անգամ չի ունեցել, որ նա խուլ է։ Ավելի ուշ կինը ուշադրություն է դարձրել, որ Ռաֆան չի արձագանքում բարձր ձայներին եւ նրան անասնաբույժի մոտ է տարել։