Ռուսական ռազմական ավիացիան բազմաթիվ հրթիռներ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Միանգամից մի քանի մարզերում հակաօդային պաշտպանության համակարգ է գործարկվել։ Հրթիռային հարվածների վտանգ կա, հաղորդում է «УНИАН»-ը։

Նիկոլաեւսկի մարզային պետական վարչության ղեկավար Վիտալի Կիմի տվյալներով՝ Ռուսաստանը երկինք է բարձրացրել առնվազն 9 Տու-95 ռմբակոծիչ։ Մարիուպոլի մերձակայքում գտնվող ավիացիան արձակել է առնվազն 5 հրթիռ։ Կիմը հավելել է, որ հրթիռները շատ են։ Աշխատում է ՀՕՊ-ը։

Հրթիռներ են արձակվում Օդեսայի ուղղությամբ։

Դնեպրոպետրովսկի մարզային պետական վարչության ղեկավար Նիկոլայ Լուկաշուկը հայտնել է, որ մարզում հրթիռային վտանգ կա։ Աշխատում է ՀՕՊ-ը։

Միեւնույն ժամանակ Կիեւի մարզային պետական վարչության ղեկավար Ալեքսեյ Կուլեբան զգուշացրել է մարզում հրթիռային հարվածների վտանգի մասին։ «Մի՛ անտեսեք օդային տագնապը։ Կա հրթիռային հարվածի վտանգ։ Մնացե՛ք ապաստարաններում եւ անվտանգ վայրերում»,-ասել է նա։

Պայթյունի ձայների մասին հայտնել են նաեւ Պոլտավշչինայում, Կրեմենչուգում։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նշել է, որ Ռուսաստանը հրթիռներ է արձակել անմիջապես այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը նրան ահաբեկչության հովանավոր պետություն է ճանաչել։

Պայթյունի ձայներ են լսվում նաեւ Կիեւում։ Կիեւի երկնքում սեւ ծխի խիտ սյուն է բարձրացել։ Հրթիռը հայտնվել է ենթակառուցվածքային օբյեկտում։

Լվովի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել է։