ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը իրենց ինստիտուտը տեղափոխելու՝ Պետգույքի կառավարման կոմիտեի առաջարկը տրամաբանական կհամարեր, եթե առաջարկվեր ավելի լավ պայմաններով գերժամանակակից շինություն, որն իրենց «կտաներ ոչ թե 1980-ական թվականներ, այլ 2050-ականներ»։ NEWS.am-ը Արսեն Բոբոխյանի հետ զրուցել է օրերս ինստիտուտի տարածած հայտարարության շուրջ։

Ըստ Արսեն Բոբոխյանի՝ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 6.7 կետը, որով և առաջարկվել է ինստիտուտը Չարենցի 15 հասցեից տեղափոխել Ներսիսյան 25, վերաբերում է գույքի ոչ արդյունավետ օգտագործմանը։ Մինչդեռ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը շատ արդյունավետ աշխատող կառույց է, միջազգային ծրագրերով էական ներդրումներ է բերում մեր երկիր, էապես նպաստում է տուրիզմի զարգացմանը, իսկ ինստիտուտի գիտնականները տպագրվում են ամենաբարձր վարկանիշ ունեցող ամսագրերում։

Տնօրենը նշեց, որ ինստիտուտն իսկապես ունի տարածքի խնդիր, բայց դա հնարավոր է լուծել՝  նոր շինություն կառուցելով շենքի ետնամասում, որտեղ այժմ տեղակայված են ինստիտուտի լաբորատորիաները։ Նա հիշեցրեց, որ նախկին տնօրեն Պավել Ավետիսյանը այդպիսի նախագիծ էր նախաձեռնել, բայց այն, ցավոք, մնաց թղթի վրա։ Արսեն Բոբոխյանն ասաց, որ ինքը հանրությանը, բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում օգնելու գիտնականներին ենթակառուցվածքներ զարգացնելու գործում, այլ ոչ թե վերցնելու նրանցից այդ ենթակառուցվածքները։

«Սա այն բացառիկ օջախն է, որը խորհրդանիշներ է ստեղծում մեր ժողովրդի համար, այն հետազոտում է հայոց ինքնությունը, այդ ինքնության նյութական և ոչ նյութական դրսևորումները, և դա անում է միջազգային մակարդակով, առանց ավելորդ ազգայնականության, պոռոտախոսության և օտարամոլության»,- ասաց նա։

Պետգույքի կառավարման մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ կոմիտեն առաջարկում է Գիտությունների ակադեմիայի՝ Երեւանի Չարենցի 15 հասցեում գտնվող Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը տեղափոխել Ներսիսյան 25 հասցե, որտեղ այժմ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտն է, իսկ Չարենցի փողոցում գտնվող մասնաշենքը փոխանցել Հաշվեքննիչ պալատին:

Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատը Վարդանանց փողոցում տարեկան 40 միլիոն դրամով տարածք է վարձակալում, եւ այդ ավելորդ ծախսը կրճատելու համար են որոշել Հնագիտության և ազգագրության ինստիտուտը պետական մեկ այլ շենք տեղափոխել:

Նա նաև նշեց, որ, իր տեղեկություններով, Աշտարակում ենթադրյալ Գիտավանը ստեղծելուց հետո Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը պետք է տեղափոխվի այնտեղ։