Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը մեծ տեմպերով են զարգանում։ Այս մասին Երեւանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես նկատել եմ, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 80 տոկոսով։ Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաներում որոշակի փոփոխությունների հետ, բայց ընդհանրապես սա փաստ է, որը ստեղծում է հնարավորություններ, նոր հնարավորություններ՝ տնտեսական համագործակցության համար։

Եվս մեկ անգամ ողջունում եմ։

Եվ իհարկե, այսօր մենք արդեն քննարկեցինք եւ կքննարկենք տարածաշրջանային բնույթի հարցեր, տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Բազմաթիվ հարցեր կան, եւ ես այդ մասին խոսեցի նաեւ ՀԱԽ նիստի ժամանակ՝ եռակողմ պայմանավորվածությունների պահպանման մասին, հայտարարությունների մասին, որոնք [մենք] ընդունել ենք Ադրբեջանի նախագահի հետ՝ ձեր օգնությամբ եւ ձեր միջնորդությամբ։ Սրանք շատ կարեւոր հարցեր են, որոնք, իհարկե, մենք պետք է քննարկենք, քննարկենք օրակարգը, որը, հուսով ենք, երկարաժամկետ խաղաղության կբերի մեր տարածաշրջանում»,- ասել է նա։