Թուրքիայի ԶՈւ-ի «Ճիրան-ամրոց» գործողությունը Իրաքի հյուսիսում կարող է ավարտվել դեկտեմբերին, ինչից հետո Անկարան նախատեսում է խոշոր ցամաքային գործողություն Սիրիայում, տեղեկացրել է Hürriyet  թերթի՝ կառավարական շրջանակներին մոտ սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

Թուրքիան ապրիլին սկսեց ռազմական գործողություն երկրում արգելված «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ Իրաքի հյուսիսում։ Գործողությանը մասնակցում  էին հատուկջոկատայինները եւ ՌՕՈւ-ն։ Իրաքի նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ թուրքական գործողությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը, իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, որ թուրքական կողմի նպատակն իր սահմանների անվտանգության ապահովումն է։

«Թուրքական զինված ուժերն իրականացնում են «Ճիրան-ամրոց» գործողությունն Իրաքում։ Սպասվում է, որ այն կավարտվի դեկտեմբերին։ Դրանից հետո պետք է սկսել հետադարձ հաշվարկը Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու համար։  Այս անգամ նախատեսվում է անհամեմատ ավելի մասշտաբային գործողություն»,- գրել է սյունակագիրը։