Եթե այն, ինչը մենք երեկ պայմանավորվեցինք, եթե այդ ամենը իր տրամաբանությունից չշեղվի, ապա մենք առաջիկայում «հայկական խաչմերուկի» ծրագրի շրջանակներում, մասնավորապես, երկաթուղիների վերականգնման ոլորտում մեծ ներդրումների անհրաժեշտություն կարող ենք ունենալ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախալի է, որ մենք այդ հնարավորությունն ունենք: Իհարկե, դա մի ծրագիր է, որ համոզված եմ, որ բոլոր դեպքերում միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն: Խոսքը հետեւյալի մասին է, որ Ռուսաստանի նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում, մենք որոշակի ազդակներ ստացանք, որ կարող է լինել էական եւ լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնան ու սկսենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ նկատեց. «Նախորդ դառը փորձը հաշվի առնելով, նորից ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռևս պետք է այս ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի, բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա», - ասաց Փաշինյանը։

Կառավարության վերջին նիստի ժամանակ խոսելով Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքներից, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի նախագահը դրժել է այդ պայմանավորվածությունը։

«Մի քանի օր անց Ալիևն ինք է հրաժարվել պայմանավորվածությունն ամրագրող փաստաթղթի ստորագրումից։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթուղթը», - ասաց վարչապետը՝ շեշտելով՝ Ադրբեջանն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանը գրավոր ձևակերպել է և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։

Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցեր, կառավարության հաշվարկով, սա մոտ 200 միլիոն դոլար կարժենար։