Հայաստան ներմուծվող ենթաակցիզային ապրանքների վերաարտահանման դեպքում երկիր ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը, համաձայն գործող դրույթների, չի վերադարձվում։

Այնուամենայնիվ, ակցիզային հարկը սպառողական է եւ պետք է վճարվի այն երկրում, որտեղ ի վերջո սպառվում են վերը նշված ապրանքները: Այս մասին նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Նրա խոսքով՝ եթե վերը նշված ապրանքները Հայաստանում չեն սպառվում, ապա որոշակի անարդարություն է առաջանում։ «Չէ՞ որ այդ հարկը՝ որպես ներմուծման հարկ, պահպանվում է մեր բյուջեում։ Այդ կապակցությամբ առաջարկում ենք Ակցիզային հարկի վերադարձման լիազորությունը փոխանցել կառավարությանը»,-ասաց Պողոսյանը։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հումքի ներմուծմանը։ «Սա այն դեպքն է, երբ արտադրանքը ստացվում է վերամշակման միջոցով եւ հետագայում վերաարտահանվում։ Այնպես որ, այս դեպքում նաեւ առաջարկվում է ակցիզային հարկի վճարումից ազատում»,-պարզաբանեց փոխնախարարը։