Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի նկատմամբ ոտնձգության համար «տեղեկատվական բազայի» նախապատրաստումը։ Այդ նպատակով միանգամից երկու գերատեսչություններ՝ պաշտպանության նախարարությունն ու արտգործնախարարությունը, հանդես են եկել հայտարարություններով։

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ հայկական կողմին ականների տեղադրման վերաբերյալ հերթական մտացածին մեղադրանքներն են առաջ քաշվում․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրավերով Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի թուրքական զորախմբի ղեկավար, գեներալ-մայոր Ֆաթիհ Աքփինարը եւ ռուսական զորախմբի ղեկավար, դերծովակալ Օլեգ Սեմյոնովը նոյեմբերի 23-ին զննել են ականապատված հատվածը:  Նոյեմբերի 24-ին այդ տարածք են այցելել օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները եւ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա լրագրողները։

Վերոնշյալը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետի, ամբողջությամբ դուրս չի բերել իր ուժերը Ադրբեջանի տարածքից, ինչպես նաեւ կոպտորեն խախտել է հայտարարության 6-րդ կետը, եւ ականներ տեղափոխելով՝ չարաշահել է Լաչինի ճանապարհը ապօրինի ռազմական գործունեության համար՝ սադրանքներ իրականացնելով Ադրբեջանի դեմ։ Հայաստանը խոչընդոտում է կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Հայաստանի այս գործունեությունը ռազմական հանցագործություն է, միջազգային մարդասիրական իրավունքի եւ եռակողմ հայտարարության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների լուրջ խախտում»։

Այսպիսով, ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են համապատասխան նախադրյալներ ստեղծել նոր ագրեսիան արդարացնելու համար։