Պետք է պատշաճը մատուցել նախագահ Ջո Բայդենին. նա ակնհայտորեն դճգոհ է եղել, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձել է ԱՄՆ-ը ներքաշել պատերազմի մեջ։ Վաշինգտոնում եւ ամբողջ Եվրոպայում բոլորը շունչները պահել են այն սպասման մեջ, թե ում հրթիռն է ընկել Լեհաստանի գյուղական վայրում անցած շաբաթ՝ սպանելով երկու մարդու։ Բարեբախտաբար, համենայն դեպս, հանուն խաղաղության ամբողջ աշխարհում, ականն ուկրաինական էր։

Բայց դա չի խանգարել Զելենսկուն պատերազմի թմբուկ հնչեցնել, գրել է The American Conservative-ը։ Անցած անգամ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն էր, որ Ամերիկան ներքաշեց հակամարտության մեջ, բայց դա, համենայն դեպս, երրորդ երկրի թույլ երկրի դեմ էր։ Հետեւանքները, միեւնույն է, աղետալի էին՝ հազարավոր սպանված եւ տասնյակ հազարավոր վիրավոր ամերիկացիներ ու հարյուր հազարավոր սպանված իրաքցիներ, իզուր վատնված տրիլիոնավոր դոլարներ եւ հրկիզվող Մերձավոր Արեւելք։ Բայց այն, ինչ կաներ Զելենսկին, անհամեմատ ավելի լուրջ է։

Նա Լեհաստանի հարվածն անվանել է «իսկապես լուրջ էսկալացիա», որը պատասխան է պահանջում, չնայած այդ հարցը ոչ մի կապ չէր ունենա Ուկրաինայի հետ, եթե հրթիռն արձակված լիներ Ռուսաստանի կողմից։ ՆԱՏՕ-ն եւ ոչ թե Կիեւն է պատասխանատվություն կրում այն որոշման ընդունման համար, ինչը պատերազմի առիթ կարող է լինել դաշինքի համար։ Եթե դա լիներ Զելենսկու որոշումը, ամերիկյան ռումբերը եւ հրթիռները կլցվեին Մոսկվայի վրա առնվազն փետրվարի 25-ից։ Զելենսկու դիիրքորոշումը, իհարկե, հասկանալի է։

Նա հոգ է տանում Ուկրաինայի, ոչ թե ԱՄՆ-ի մասին, եւ ուրախ կլիներ պայքարել Ռուսաստանի դեմ մինչեւ վերջին ամերիկացին, եթե դրա կարիքը լիներ։ Բայց ամերիկացիների համար նրա դիրքորոշումն ընդգծում է միջուկային տերության դեմ միջնորդավորված պատերազմ վարելու վտանգավորությունը՝ հակամարտությունում բոլոր որոշումների ֆորմալ հանձնումն այն կողմին, որն ամենաշահագրգռվածն է էսկալացիան շարունակելու հարցում։ Այս դեպքում պատերազմի մեջ մտնելը կարող է հրահրել խոշոր կոնվենցիոնալ հակամարտություն՝ տակտիկական միջուկային զենքի կիրառմամբ կամ անգամ ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանից մինչեւ Եվրոպա եւ ԱՄՆ, ստրատեգիական միջուկային հարվածներ հասցնելով։

Դա կլինի աղետալի հետեւանք բոլոր շահագրգիռ կողմերի համար, ներառյալ Ուկրաինան։ Հրթիռը, պարզվեց, ռուսական չէր, եւ ԱՄՆ-ը կենսականորեն շահագրգռված է, որպեսզի պատերազմ չսկսի ստի պատճառով։ Բայց պետքարտուղար Թոնի Բլինքենը լռության է մատնել վեճը Կիեւի հետ՝ այնպես գործելով, ասես Զելենսկու կեղծավորությունը մեծ նշանակություն չուներ, եւ էլ ավելի մեծ ռազմական օգնություն խոստանալով։ Իսկապես, Բլինքենը դա այնպես ներկայացրեց, ասես տեղի ունեցածն աննշան սահմանային միջադեպ էր, գուցե՝ ինչ-որ թափառող նախրի մասնակցությամբ։ Ներկա իրավիճակը հատկապես վտանգավոր է այն արատավոր խթանների պատճառով, որոնք այն ստեղծում է։ Նման խնդիր ԱՄՆ-ում եղել է նաեւ 2003թ.։

Նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը, գուցե, հավատում էր իր տարածած ստին, բայց նրա շրջապատն այդքան էլ միամիտ չէր։ Իրաքի դեմ պատերազմի կողմնակիցները, որոնք դա անում էին սեփական պատճառներով, օրինակ՝ որպեսզի «չորացնեն ճահիճը» եւ ԿՀՎ վարձու գործակալ Ահմեդ Չալաբիին նշանակեն Իրաքի նախագահ, հավաստիացնում էին, որ Բաղդադը ստեղծում է միջուկային ռումբ եւ օգնում է ահաբեկիչներին՝ չնայած ստույգ ապացույցների բացակայությանը։

Ցավոք, Կիեւը ծանրակշիռ հիմքեր ունի հայտարարելու կամ, գուցե, անգամ կեղծելու ռուսական գրոհը, որպեսզի Ամերիկային ներքաշի հակամարտության մեջ։ Զելենսկին, գուցե, հավատացել է այն բանին, ինչ ասել է անցած շաբաթ, բայց եթե այդպես է, ապա նա պարզապես ենթադրել է, որ այն, ինչին ինքը կուզենար հավատալ, ճիշտ էր։ Ուկրաինայի սուտն այնքան աղաղակող էր, որ դաշնակից դիվանագետները մասնավոր կարգով արտահայտել էին իրենց անհանգստությունը։ Նրանցից մեկը Financial Times-ին ասել էր. «Սա անհեթեթ է դառնում։ Ուկրաինացիները խարխլում են [մեր] վստահությունն իրենց հանդեպ։

Ուկրաինային ոչ ոք չի մեղադրում, եւ նա բացահայտ ստում է։ Սա ավելի կործանարար է, քան հրթիռը»։ Սա Վաշինգտոնի համար առաջին տհաճ անակնկալը չէ Ուկրաինայի կողմից։ Չնայած Կերչի նեղուցով կամրջի վրա հարձակումն օրինական էր, այն կարող էր հանգեցնել հակամարտության՝ ԱՄՆ-ի համար վտանգավոր թեժացման։ Նույնը կարող էր տեղի ունենալ նաեւ Բելգորոդի մոտ ռուսական սահմանամերձ շրջաններին հասցված հարվածների, ինչպես նաեւ Դարյա Դուգինայի սպանության դեպքում։ Եթե Ուկրաինան գործեր լրիվ ինքնուրույն, այդպիսի գործողությունները նրա գործը կլինեին։ Բայց նա գերազանցել է բոլոր սպասելիքները ուկրաինական զինված ուժերին դաշնակցային, եւ հատկապես ամերիկյան, աջակցության շնորհիվ։

Վաշինգտոնը պետք է հրաժարվի իր այն մանտրայից, որ «ամեն ինչ կախված է Կիեւից»։ Նման բան չկա եւ չպետք է լինի, համենայն դեպս՝ քանի դեռ ամերիկացիները փող եւ զենք են մատակարարում Ուկրաինա՝ իրենց ենթարկելով վտանգի հակամարտության տարածման դեպքում։ Վարչակազմը պետք է հստակ հասկացնի, թե որքան խորացած է իր աջակցությունը, եւ որ նա թեժ պատերազմի մեջ չի մտնի։ Վաշինգտոնը նաեւ պետք է այսուհետ եւս դիվանագիտական ուղիներ բացի Մոսկվայի հետ, ինչը, ըստ էության, տեղի է ունենում, համենայն դեպս՝ որոշ չափով, հաշվի առնելով անցած շաբաթ ռուս գործընկերոջ հետ ԿՀՎ տնօրեն Բիլ Բերնսի հանդիպման մասին տեղեկությունները։

Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նույնպես շփվել են Ռուսաստանի հետ, բայց այդ խոսակցություններն անհրաժեշտ է ընդլայնել, որպեսզի քննարկվեն հնարավոր քաղաքական փոխզիջումները։ ԱՄՆ-ը նաեւ պետք է դիմի եվրոպացիներին, հատկապես նրանց ամենամոլի բազեներին, որոնք, որպես կանոն, ամենաթեթեւ զինվածներից են։ Օրինակ՝ մերձբալթյան պետությունները. փոքր երկրներ, նվազագույն զինված ուժերով եւ պաշտպանության սուղ ջանքերով։ Նրանք հաստատում են, որ գտնվում են նվաճման անմիջական սպառնալիքի ներքո եւ համարվում են «ֆրիլանսի» հակում ունեցողներ։

Օրինակ, երբ Լիտվան փորձում էր արգելափակել տեղաշարժը Կալինինգրադի եւ Ռուսաստանի մնացած մասի միջեւ։ Հեշտ է զոհաբերել ուրիշների կյանքը եւ փողերը, ինչն, ըստ էության, հենց այն է, ինչը ԱՄՆ «դաշնակիցների» մեծ մասը համարում է իր դերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ անվտանգային գործընկերությունում։ Վաշինգտոնը հլու համաձայնում է պաշտպանել նրանց, քանի որ դա իր պարտքն է, նրանք մեծահոգաբար համաձայնում են պաշտպանվել, քանի որ դա իրենց իրավունքն է։

Այս հարաբերություններն այլեւս կայուն չեն։ Համենայն դեպս, նրանք, ովքեր ձգտում են ընդլայնել կամ թեժացնել ռուս-ուկրաինական պատերազմը, պետք է ցուցադրեն, որ պատրաստ են հաղթահարել հետեւանքները, այլ ոչ թե սպասել, որ Վաշինգտոնը լուծի ճգնաժամը։ Այնուամենայնիվ,  Եվրոպայի մղումը՝ որպեսզի վերջապես լուրջ վերաբերվի անվտանգությանը, մեծ մասամբ մարեց, երբ Բայդենի վարչակազմը զորքեր եւ տեխնիկա ուղարկեց այնտեղ։

Անգամ Միացյալ Թագավորությունն է այժմ նախատեսում փոխել գիծը եւ կրճատել պաշտպանության ծախսերը, էլ չենք ասում այն, իբր, հսկայական սպառնալիքի մասին, որը բխում է Եվրոպայի արեւելյան թեւից։ «Մի անգամ տզրուկ եղողը միշտ է տզրուկ». սա է Եվրոպայի աշխատանքի սկզբունքը։ Որպես Եվրոպայի խամաճիկ գործելը լուրջ խնդիր է անգամ խաղաղ ժամանակներում։ ԱՄՆ պետական պարտքը ներկայում գերազանցում է 31 տրլն դոլարը։ Նախատեսված ծախսերը մինչեւ դարի կեսը կրկնակի կավելացնեն ԱՄՆ պարտքը, եթե չլինեն ռեցեսիաներ, պատերազմներ, ֆինանսական կամ աշխարհաքաղաքական ճգնաժամեր, քաղաքականացված չափից ավելի ծախսեր կամ որեւէ այլ անախորժություն։

Անգամ այդ ժամանակ եվրոպացիները, անկասկած, կսպասեն, որ ամերիկացիները վճարեն իրենց պաշտպանության համար։ Ի լրացումն այս ֆինանսական ծախսերի՝ պատերազմին ԱՄՆ մասնակցության ռիսկերն ավելի մեծ են, հատկապես այն պատերազմին, որին Վաշինգտոնն արդեն ակտիվորեն մասնակցում է եւ որում հեշտ է նրան ներքաշելը։ Շատերը Վաշինգտոնում, թերեւս, չեն գիտակցում այդ ռիսկը, ինչի մասին վկայում է այն կարծիքը, որն արտահայտել է ամերիկացի նախկին դիվանագետ Ալեքսանդր Վերշբոուն. «Վերջին հաշվով, կռվում են ուկրաինացիները, ուստի մենք պետք է զգույշ լինենք եւ չկասկածենք նրանց»։

Կիեւի հաջողությունը կախված էր առատ արտաքին օգնությունից, որը նա ստանում էր։ Ամերիկյան օտարերկրյա օգնությունը պետք է հարմարեցվի ամերիկյան շահերին, իսկ Վաշինգտոնը պետք է վերիմաստավորի այն, ինչը դառնում է էլ ավելի վտանգավոր, գրեթե համընդհանուր միջնորդավորված պատերազմ Ռուսաստանի դեմ։

Դաշնակիցների օգնությունը պետք է ուղղվի Ուկրաինայի անկախության պահպանմանը, այլ ոչ թե Ռուսաստանի ջախջախմանը, Ղրիմի վերադարձին կամ Մոսկվայում վարչակարգի փոփոխության պարտադրմանը։ Որքան ավելի շատ է դաշնակցային օգնությունն ու լայն՝ Կիեւի նպատակները, այնքան ավելի մեծ է այն բանի հավանականությունը, որ Պուտինի կառավարությունը կմոբիլիզացնի ավելի շատ ռեսուրսներ, կուժեղացնի գրոհներն ուկրաինական ենթակառուցվածքի դեմ, կթիրախավորի զենքի մատակարարումները եւ կդիտարկի միջուկային էսկալացիան։ Սրանցից ոչ մեկը չի համապատասխանում Ամերիկայի շահերին։  

ԱՄՆ-ը պետք է կրճատի ռազմական օգնությունը Կիեւին եւ հատկապես Եվրոպային։ Վաղուց ժամանակն է, որ եվրոպացիները լրջորեն վերաբերվեն իրենց պաշտպանությանը։ Բայց դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը դադարի ամեն ինչ անել նրանց փոխարեն։ Զելենսկու՝ մոլորության մատնող հրթիռային գամբիտն մեծացնում է Վաշինգտոնի վարած գծի փոփոխության անհրաժեշտությունը։ Նա արել է հնարավոր ամեն բան, որպեսզի օգտագործի իր զինված ուժերի ենթադրաբար սխալ հարվածը, որպեսզի ՆԱՏՕ-ին ներքաշի պատերազմի մեջ Ռուսաստանի դեմ։ Գրեթե հաստատ այդպես էլ կլինի հաջորդ անգամ։ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պետք  է զբաղվեն այդ հակամարտության տարածման համար հակահրդեհային պատնեշների կառուցմամբ»։