Բեռլինը հասկացրել է, որ Լեհաստանին առաջարկվող Patriot զենիթահրթիռային համակարգերը նախատեսված են ՆԱՏՕ-ի տարածքում օգտագործելու համար, ինչը հակասում է համակարգը Ուկրաինա ուղարկելու Վարշավայի պահանջներին, հայտնում է Reuters-ը։

«Այս Patriot-ները ՆԱՏՕ-ի ինտեգրված հակաօդային պաշտպանության մաս են կազմում, ինչը նշանակում է, որ դրանք նախատեսվում է տեղակայել ՆԱՏՕ-ի տարածքում»,- Բեռլինում ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը: «ՆԱՏՕ-ի տարածքից դուրս ցանկացած օգտագործում կպահանջի ՆԱՏՕ-ի եւ դաշնակիցների հետ նախնական քննարկում»,- հավելել է նա:

Բեռլինը Վարշավային Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգ է առաջարկել՝ իր օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ուկրաինական մոլորված հրթիռն ընկել էր Լեհաստանի տարածքում, որի հետեւանքով երկու մարդ էր զոհվել:

Չորեքշաբթի օրը Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ խնդրել է Գերմանիային Patriot ուղարկել Ուկրաինա:

«Ռուսաստանի հետագա հրթիռային հարվածներից հետո ես Գերմանիային խնդրեցի Լեհաստանին առաջարկված Patriot մարտկոցները փոխանցել Ուկրաինային եւ տեղադրել արեւմտյան սահմանին»,- գրել է Բլաշչակը Twitter-ում։

Հակաօդային պաշտպանության ցամաքային համակարգերը, ինչպիսին է Raytheon ընկերության Patriot-ը, որոնք նախատեսված են մոտեցող հրթիռները որսալու համար: Սակայն նման համակարգերը չեն բավարարում ՆԱՏՕ-ում, քանի որ դաշինքի շատ անդամներ կրճատել են դրանց թիվը սառը պատերազմից հետո:

Գերմանիան ուներ Patriot-ի 36 ստորաբաժանումներ, երբ սառը պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի առաջնագծում էր, եւ նույնիսկ այն ժամանակ ապավինում էր դաշնակիցների աջակցությանը: Այսօր գերմանական ուժերը կրճատվել են մինչեւ Patriot-ի 12 ստորաբաժանումներ, որոնցից երկուսը տեղակայված են Սլովակիայում։