ԱՄՆ նոր սուբսիդիաների նոր փաթեթի սպառնալիքի հետ կապված՝ Գերմանիան հրաժարվում է իր վաղեմի առարկություններից այնպիսի սխեմաների դեմ, ինչպիսին է ֆրանսիական «Գնիր եվրոպականը» օրենքը, գրել է Politico-ն։

Բեռլինի աճող համակրանքը ֆրանսիական մոտեցման հանդեպ ակնհայտ նշանն է այն բանի, որ Գերմանիան մտավախություն ունի, որ ավանդական առեւտրային կարգը փլուզվում է, քանի որ Վաշինգտոնը հետեում է Չինաստանի օրինակին՝ կենտրոնացված պետական աջակցություն ցուցաբերելով արդյունաբերությանը։ Որպես կոմերցիոն առումով ԵՄ առավել լիբերալ երկիր՝ Գերմանիան ընդհանուր առմամբ դեմ էր հանդես գալիս ֆրանսիական առաջարկություններին ինտերվենցիոնիստական արդյունաբերական ռազմավարության վերաբերյալ՝ համարելով, որ այդ միջոցները կխախտեն ազատ առեւտրի թաբուն։

Բայց հիմա հաշվարկները փոխվում են Բրյուսելում ուրբաթ օրը առեւտրի նախարարների հանդիպման եւ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի հանդիպման նախաշեմին։

Երկու հանդիպումների օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում Գնաճի իջեցման մասին օրենքն Ամերիկայում, որը 369 մլրդ դոլարի սուբսիդիաներ եւ հարկային արտոնություններ է տրամադրում ԱՄՆ «կանաչ» ձեռնարկությունների համար։ ԵՄ արտադրողները մտահոգ են, որ ամերիկյան օրենքը ներդրումներ կկորզի Եվրոպայից, եւ զայրացած են խտրականությունից, որով սպառողներին դրդում են գնել ամերիկյանը, երբ բանը հասնում է էլեկտրամեքենա գնելուն։

Քանի որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակը սպառվում է, իսկ համաձայնության հույսերը մեծ չեն, գերմանացի պաշտոնական անձինք հիմա բացահայտ խոսում են այն մասին, որպեսզի ոչ միայն պետական սուբսիդիաների միլիարդներ ուղարկեն կարեւոր կանաչ տեխնոլոգիաներին, ինչպիսին են մարտկոցները, քամու էներգիան կամ ջրածինը, այլեւ ստեղծեն պահանջներ, որոնք որոշակի չափով նախապատվությունը կտան եվրոպական արտադրությանը։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն ասել է, որ ԵՄ-ը պետք է «վճռական պատասխան» տա ԱՄՆ օրենքին՝ գերմանական Handelsblatt օրաթերթին հայտարարելով, որ դա կպահանջի արագ հաստատել Եվրահանձնաժողովի պետական օգնության, սուբսիդիաների ավելացման, ինչպես նաեւ «տեղական արտադրանքի գնման» մասին որոշումները։

Վերջին կետը վճռական նշանակություն ունի, քանի որ առնչվում է «Գնիր եվրոպականը» օրենքին, որի կոչն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բայց դա, հավանաբար, կառաջացնի մյուս առեւտրային գործընկերների դժգոհությունը, քանի որ նրանք կհայտնվեն անհարմար վիճակում։

Չնայած այդ դրույթները կարող են օգնել ԵՄ-ին խուսափել կարեւոր ճյուղերի փակումից եւ երաշխավորել, որ միությունը կմնա հաջորդ սերնդի՝ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների արտադրության մրցավազքում, ներառյալ էլեկտրամեքենաները,  միջազգային առեւտրային համակարգում դրանք սրբապիղծ մի բան են համարվում։