Կարելի էր ենթադրել, որ ՀԱՊԿ ՀԱԽ նիստի արդյունքներով Հայաստանը չի ստորագրի ամփոփիչ հռչակագիրը, քանի որ մինչ գագաթաժողովը եւ դրանից առաջ որոշակի տարաձայնություններ են եղել, թե ինչ ձեւաչափով եւ ինչ ծավալով պետք է աջակցություն հատկացվի Երեւանին։ ՀՀ վարչապետը անհնար համարեց հռչակագիրը ստորագրելը։ Մի շարք փաստաթղթեր, այնուհանդերձ, համաձայնեցվեցին։ Այս մասին  NEWS.am-ի «Ուժի գործոնը» հաղորդաշարի շրջանակում հայտարարեց քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։

Նա նկատեց, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ տարբեր գնահատականներ կան։ ՀՀ ղեկավարության տեսանկյունից խոսքը Ադրբեջանի կողմից ագրեսիայի մասին է։

Հայկական կողմի կարծիքով՝ տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցում հայկական տարածք, հետեւաբար, ինչպես հիշեցրեց փորձագետը, Հայաստանն ակնկալում է արդյունավետ եւ կոնկրետ աջակցություն ՀԱՊԿ-ից, ինչպես նաեւ քաղաքական դիրքորոշում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ «Միեւնույն ժամանակ, մենք գիտենք, որ ՀԱՊԿ անդամների գոնե մի մասը չէր ցանկանա վիճել Բաքվի հետ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները համարելով արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Նրանք ասում են, որ կան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անդրսահմանային խնդիրներ, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման ընթացքում։  Ենթադրվում է, որ Ադրբեջանը գրավել է ավելի քան 130 քառակուսի կիլոմտեր տարածք»,-նշեց Կորտունովը։

Քաղաքագետն ընդգծեց, որ դա դիտվում է որպես Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունների հաստատում։ «Ըստ ամենայնի, Ռուսաստանի տեսանկյունից սա դեռեւս այնքան էլ էական սեպ չէ հայկական տարածք, որը թույլ կտա խոսել լայնածավալ ագրեսիայի մասին։ Կարծում եմ, որ այժմ ջանքեր կգործադրվեն՝ համոզելու ադրբեջանական կողմին կառուցողական փոխգործակցել հայկական կողմի հետ սահմանազատման եւ սահմանագծման հարցերում։ Բայց մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն իր պահանջներն ունի հայկական կողմի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ը պատրաստ չէ վիճաբանության Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասը կփորձի այս հարցը քաղաքական հարթությունից տեղափոխել տեխնիկական հարթություն եւ խոսել սահմանի հստակեցման խնդրի մասին։ Այս հարցում ՀԱՊԿ-ն կարող է ինչ-որ կերպ օգնել հակամարտության երկու կողմերին։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի տեսակետից այս դիրքորոշումը լիովին արդարացի չէ, բայց ՀԱՊԿ անդամները կփորձեն խուսափել ցանկացած արմատական ​​գործողությունից»,-ասաց Կորտունովը։

Հիմնական խնդիրը, ըստ նրա, կարող է լինել նոր էսկալացիաների հավանականությունը։