Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ի հեճուկս դիվանագիտական կոռեկտության եւ տարրական հարգանքի, դեմարշ է կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ։

«Պրահայում հանդիպումից մեկ շաբաթ անց Մակրոնը քննդատեց Ադրբեջանին եւ մեղադրեց նրանում, ինչը նա չի կատարել։ Դրանից հետո Ֆրանսիայի Սենատը բանաձեւ ընդունեց, որը բացարձակ անընդունելի եւ վիրավորական է։ Դրան հաջորդեց Ֆրանսիայի Ազգային վեհաժողովի եւս մեկ հակաադրբեջանական բանաձեւ, ապա՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցով մեզ վրա հարձակվելու փորձ։ Սա անընդունելի է, քանի որ Ֆրանկոֆոնիան մարդասիրական կազմակերպություն է»,-ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» միջազգային համաժողովում։

Նա հայտնել է, որ այդ «հակաադրբեջանական բանաձեւը ֆորմալ բնույթ է կրում»։ «Հաշվի առնելով այդ ամենը՝ հասկանալի է, որ Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին։ Դա մեր մեղքը չէ։ Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը երբեք պաշտոնական մակարդակով որեւէ մեկին չեն պաշտպանել։ Եվ սա նշանակում է, որ դեկտեմբերի 7-ի հանդիպումը չի կայանա։ Մենք այլընտրանքներ կփնտրենք»,-ասել է Ալիեւը։

Ալիեւը հավելել է, որ բրյուսելյան հանդիպմանը Մակրոնի մասնակցության մասին Փաշինյանի առաջարկը դիտարկում է որպես «խաղաղության շուրջ բանակցությունները խափանելու փորձ»։