Իհարկե, ես կողմնակալ մարդ եմ, քանի որ դա իմ աշխատանքն է, սակայն, իմ կարծիքով, շատ բան է արվում, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն պահպանվեն, այլեւ ամրապնդվեն՝ հարմարվելով նոր իրողություններին եւ նոր աշխարհին։ Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

NEWS.am-ի թղթակիցը մասնավորապես հետաքրքվեց՝ արդյոք բավականաչափ աշխատանք է տարվում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակի պահպանման համար եւ չի տեսնում արդյոք ՌԴ դեսպանը որեւէ թերություն կամ բացթողում այդ ուղղությամբ։ Դեսպանը խոստովանեց, որ դա չափազանց բարդ գործըթնաց է, որը հսկայական ջանքներ է պահանջում։

«Հավատացեք, դա շատ դժվար է։ Երկու կողմերից մեծ համբերություն, համառություն ու կամք է պահանջվում։ Իմ կարծիքով, այս բոլոր հատկանիշները հաջողվում է դրսեւորել։ Իհարկե, կան խնդիրներ։ Դրանք չեն կարող չլինել։ Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, մեր հարաբերությունների պահպանման, ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ աշխատանքը պատշաճ մակարդակում է կատարվում», - ասաց Կոպիրկինը։