Համընդհանուր հայտարարագրումը մի ընդհանուր փաթեթի մաս է. փաթեթի մի մասը արդեն այս տարվանից գործում է, որը վերաբերում է իրավաբանական անձանց եւ հատկապես առեւտրային ընկերություններին, խոսքը իրական շահառուների մասին հաշվետվություններ ներկայացնւ մասին է, որոնք կազմակերպությունները սկսել են տրամադրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գորատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանը:

«Իրական շահառուների վերաբերյալ, փաստորեն, տրվում է որոշակի փաստացի տեղեկատվություն, ընդհուպ մինչեւ անհատական տվյալներ, որոնք թույլ են տալու պետությանն ավելի լավ կանոնակարգել, հաշվառել իրական շահառուներին եւ նրանց հետ կապված եկամուտները: Այդ օրենքը եւս փուլերով է լինելու եւ արդեն 2023-ին վերաբերելու է ոչ առեւտրային կազմակերպություններին: Սա որոշակի դժգոհություններ առաջացրեց դիմելու, ձեւակերպելու առումով:

Հիմա երբ խոսում ենք արդեն քաղաքացիների եկամուտների հայտարարագրման մասին, ստացվում է, որ բոլորն անխտիր պետք է այդ սանդղակով անցնեն: Սա կունենա մի քանի դժվարություններ. Առաջինն այն է, որ շատերը հոգեբանորեն տրամադրված չեն այդպիսի համակարգով ներկայացնելու իրենց եկամուտները: Երկրորդը, անհավասար իրավիճակներ կառաջանան, որովհետեւ շատերը, որ չեն աշխատում, եկամուտ չունեն կամ եկամուտները ոչ պարբերական բնույթի են, եւ ոչ բանկային համակարգով, հետեւաբար, աշխատողները կհայտարարագրեն իրենց եկամուտները, իսկ չաշխատողները կամ չձեւակերպված աշխատողները չեն հայտարարագրի»,-ասաց նա:

Մակարյանի խոսքով, երրորդը վերաբերում է աշխատանքային միգրացիայից ստացվող եկամուտներին. «Հիմա եկել է ժամանակը, որ դրանք պետք է հայտարարագրվեն, որի հետեւանքը կարող է լինել նաեւ հարկումը: Սա կբերի նրան, որ մարդիկ կխուսափեն բանկային փոխանցումներից, թեեւ դա էլ է խնդիրներ առաջացնելու, որովհետեւ պետությունը մեկ այլ օրենքով էլ հետեւում է, թե ինչ միջոցներով են ձեռք բերվում անշարժ գույք ու մեքենա: Քեզ կարող են հարցնել՝ այդ գումարը որտեղի՞ց: Մյուս կողմից ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով բանկերը դարձել են զգուշավոր եւ նույնիսկ ՀՀ քաղաքացու պարագայում, երբ նա ցանկանում է գույք գնել, հարցնում են փողի աղբյուրը եւ ստիպում են, որ ինչ-որ տեղեկանքներով հիմնավորի այդ գումարի ծագումը»:

Այս ամենը, ըստ տնտեսագետի, բերելու է նրան, որ օղակը սեղմվելու է. «Սա կարող է բերել ստվերային գործարքների ավելացման, հնարավոր է նաեւ, որ գումարները տեղափոխելու խնդիր առաջանա, այլ երկրներում հաշիվներ բացեն, որ դուրս գան կոնտրոլից: Իհարկե, ամբողջ աշխարհում կա կեղտոտ փողերի լվացման կանխարգելման գործընթացներ, բայց աշխարհում նաեւ շատ կեղտոտ փող կա եւ այդ փողերը շատերը նաեւ Հայաստան են փորձում բերել:

Հիմա քանի որ Հայաստանն ինքն էլ է ստորագրել այդպիսի միջպետական համաձայնագրեր, բացի այդ գործող կառավարությունը շատ տոգորված է հակակոռուպցիոն գործողություններ կատարելով եւ դրա շրջանակում ձգտում է մտցնել այնպիսի սահմանափակումներ եւ հսկողություն, որոնք ավելի թափանցիկ կդարձնեն գործընթացները»,-ընդգծեց Գագիկ Մակարյանը:

Նա նաեւ մեկ այլ խնդրի անդրադարձավ. «Հայաստանում կան մարդիկ, որոնք օգտվում են սոցիալական պաշտպանության ծրագրերից, եւ նպաստներից չզրկվելու համար չեն ուզում ձեւակերպվել, որ իրենց եկամուտները չերեւան, եւ կան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք գտնվում են հարկադիր կատարման ծառայության հսկողության տակ, որովհետեւ ունեն չմարված պարտավորություններ: Եթե նրանք իրենց եկամուտները հայտարարագրեն, ԴԱՀԿ-ն այդ գումարները պետք է գանձի: Այդ մարդիկ չեն ուզում ձեւակերպվել, աշխատել, նաեւ բանկերում հաշիվ չեն ուզում բացել, որ իրենց անունով փող չերեւա: Այսինքն սա նաեւ սոցիալական երեւույթներին ուղղված խնդիր է, եւ մարդիկ սրան դիմադրելու են:

Այսօր ԴԱՀԿ-ի կատարման տակ 330 հազար մարդ կա, ինչը փոքր թիվ չէ: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կա 1,7 մլն աշխատունակ մարդ, եւ նրանցից 670 հազարն է պաշտոնապես զբաղված, նշանակում է, որ մոտ մեկ մլն մարդ չի աշխատում: Այդ 330 հազարը այդ չձեւակերպված խավի մեջ է: Հայաստանում ընտանիքների թիվը 650 հազար է, դուրս է գալիս, որ ընտանիքների 50 տոկոսն ունի մարդ, որը հարկադիր կատարման տակ է գտնվում: Տեսեք, թե ինչ սոցիալական խնդիր կա այստեղ եւ ինչ դիմադրության ենք հանդիպելու: Այս մասով պետական գործիքակազմը չի երեւում, թե ինչպես են հաղթահարելու այս խնդիրները»,-ասաց նա՝ հավելելով, որ իր կարծիքով, պետք էր ավելի ինստիտուցիոնալացնել այս պրոցեսը, նախապատրաստվել: