Նոյեմբերի 19-ին, ժամը 21.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, գլխի և կրծքավանդակի փակ վնասվածքներ, դիմային ոսկրերի և կողերի բազմակի կոտրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Տաշիր քաղաքի բնակիչ, 52-ամյա տղամարդ՝ անգիտակից վիճակում: Նա այնուհետև տեղափոխվել էր մայրաքաղաք՝ «Էրեբունի» բժշկական կետրոն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածը և համաքաղաքացի 44-ամյա և 49-ամյա երկու տղամարդիկ Վազգեն Սարգսյան փողոցի կիսաքանդ, չբնակեցված տանը հացկերույթ են կազմակերպել, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ 52-ամյա տղամարդը հայհոյել էր 44-ամյա համաքաղաքացուն, նա էլ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրան:

42-ամյա տաշիրցի տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին:

Նոյեմբերի 25-ին, ժամը 02.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 52-ամյա տղամարդը մահացել է:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: