Պատերազմից եւ կորոնավիրուսի համավարակից հետո այս տարի հյուրանոցային բիզնեսում ակտիվություն է մտել։ Ամանորին ընդառաջ Հայաստանի ամենապահանջված տուրիստական ուղղությունների հյուրանոցների սենյակների մեծ մասն արդեն զբաղեցված են տոնական օրերի համար։ Հյուրերի թվում ոչ միայն հայաստանցիներ են, այլեւ արտասահմանցիներ, որոնք հենց տոներն անցկացնելու համար են Հայաստան գալիս։

Հայաստանի ամենապահանջված տուրիստական ուղղությունը՝ Ջերմուկը, ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայից հետո դեռ վերականգնվում է կրած վնասներից։ Սահմանային դրությունը կտրուկ կրճատել է քաղաքում հանգստացողների թիվը։ Եթե տարվա այս եղանակին հանգստյան մյուս վայրերում նախատոնական  ակտիվություն է, Ամանորի համար հյուրանոցներում ամրագրելու գրեթե ազատ տեղեր չեն մնացել, այստեղ հյուրատները օրվա մեջ հատուկենտ զանգեր են ստանում։

«Էս վերջին դեպքերից հետո բավականին պակասել են տուրիստները, բայց հույս ունենք, որ ամանորյա տոներին կլինեն»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի «Վերոնա» հյուրանոցի տնօրեն Արտակ Մարկոսյանը։

Ամբողջովին հակառակ պատկերն է Ծաղկաձորի եւ Դիլիջանի հյուրանոցներում։ Տոնական օրերի համար այստեղ դժվար է ազատ համարներ գտնելը։ Որոշներում, ընդ որում, ամենաշքեղներում, դրանք գրեթե սպառվել են։ Հյուրերի մեջ մեծ է նաեւ Ռուսաստանի քաղաքացիների թիվը, որոնք Ամանորն այստեղ անցկացնելու նպատակով են գալիս։

«Ամրագրումները հիմնականում Ռուսաստանից են, ռուսներն իրենց հանգիստն ավելի շուտ են պլանավորում, հայերն ավելի ուշ են կողմնորոշվում եւ ամրագրում։ Այս պահին տեղերը սպառված են, ժամանակ առ ժամանակ չեղարկումներ լինում են, բայց շատ արագ կրկին սպառվում են տեղերը, հիմա հայերի պահանջարկն է մեծացել»,– ասաց Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցի վաճառքի մենեջեր Խաչատուր Մովսիսյանը։

Տոնական օրերի համար հյուրանոցները ամենաքիչը 3-ից մինչեւ 7-օրյա փաթեթներ են առաջարկում, որոնք ներառում են նաեւ գալաընթրիք Ամանորի գիշերը, շոու ծրագրեր, նվերներ։ Որոշ հյուրանոցներ դեկտեմբերի 31-ից սկսած անգամ ամենօրյա համերգային ծրագրեր ունեն։ Մեկօրյա հանգիստ ամանորյա գալաընթրիքը ներառյալ՝ գրեթե ոչ մի հյուրանոց չի առաջարկում։ Որոշներում անգամ գալաընթրիքի համար առանձին վճար է սահմանված՝ մինչեւ 30 հազար դրամ։ Հյուրանոցներում տոնական օրերին մեկ օրվա արժեքը մեկ անձի համար սկսվում է 25 հազար դրամից եւ հասնում մինչեւ 110 հազար դրամի։ Ընտանեկան մեկ շաբաթյա փաթեթների գները, որոնք նախատեսված են մինչեւ 5 անձի համար, որոշ հյուրանոցներում անցնում են մեկ միլիոն դրամը։

Թեեւ արդեն երկրորդ տարին է՝ ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատվել են երկուսի, որոնք էլ այս տարի համընկնում են շաբաթ–կիրակիի հետ, Հայաստանի քաղաքացիները ամանորյա հանգիստը նաեւ արտերկրում են պլանավորում անցկացնել։ Հիմնականում օգտվում են մեկշաբաթյա փաթեթներից։ Ամենապահանջված ուղղությունները հայաստանցիների համար  ծովափնյա երկրներն են՝ Եգիպտոս, Դուբայ, Մալդիվներ։ Տոնական օրերի համար դեպի Դուբայ տոմսերը ավիաընկերություններում գրեթե սպառվել են։ Այս տարի ակտիվ է նաեւ Վրաստանի ուղղությունը։

 «Նկատելի է, որ դեպի Վրաստան շարժը վերջին տարիներին ավելացել է, մի քանի տարի առաջ Վրաստանի փաթեթները չէին վաճառվում։ Թերեւս Վրաստանում գները մատչելի են, դա է պատճառը, որ մեր քաղաքացիները նախընտրում են Վրաստանում անցկացնել Նոր տարին»,– նշեց «Ռիմա թրեվըլ» տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը։

Թբիլիսիում յոթօրյա ամանորյա հանգիստը մեկ անձի համար արժե 400-ից 450 դոլար։ Արժեքը ներառում է ուղեւորափոխադրման վճարը, ամանորյա ընթրիքը, տոնական միջոցառումը, նախաճաշը։ Եգիպտոսում գներն ավելի բարձր են՝ 1100 –ից 1200 դոլար։ Հայաստանցիները նախընտրում են նաեւ Ամանորը Եվրոպայում անցկացնել։ 

 «Ամանորյա հարցումները շատ են նաեւ դեպի Եվրոպա՝ Իտալիա, Իսպանիա, նույնիսկ հարցումներ կան Հունաստան ուղղության համար։ Մարդիկ հետաքրքրվում են՝ հասկանան, որ ուղղությունն է գնային առումով իրենց ավելի հարմար, եթե մի երկրում եղել են, չեն ուզում նույն տեղը գնալ»,– նկատեց «Անրիվա տուր» տուրիստական ընկերության սպասարկող մենեջեր Նաիրա Գրիգորյանը։

Հայաստանի քաղաքացիները Ամանորը նաեւ Արեւմտյան Հայաստանում են դիմավորում։ Սա «Նարեկավանք տուր»-ի ամենապահանջված ուղղություններից է։ Հնգօրյա ուղեւորության արժեքը դեպի Արեւմտյան Հայաստան 135  հազար դրամ է։  Պահանջված ուղղություններից է նաեւ Երուսաղեմը, որտեղ մեկ անձի համար ութօրյա հանգստի արժեքը  1300 դոլար է՝ ներառյալ երկկողմանի ավիատոմսը, նախաճաշը, ամանորյա ընթրիքը։

Երեւանում հարցում անցկացրինք՝ պարզելու, թե որտեղ են պատրաստվում անցկացնել Ամանորը։ Քաղաքացիների մեծ մասը նախընտրում է լինել հարազատների հետ՝ ընտանեկան միջավայրում։