Բելգիայի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը հայտարարել է, որ Բելգիան ստորջրյա դրոններ եւ շարժական լաբորատորիաներ կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին նա ասել է Le Soir թերթին տված հարցազրույցում։

Բացի այդ, Բելգիայի իշխանությունը 100 հրահանգիչ կուղարկի Ուկրաինա՝ ԵՄ ուսումնական առաքելության շրջանակում տեղացի զինվորականներին վերապարտաստելու համար։

Դեդոնդերը նշել է, որ դրոնները կօգնեն հայտնաբերել բոլոր ստորջրյա սպառնալիքները, այդ թվում՝ ականները։ Նա հավելել է, որ շարժական լաբորատորիաները հնարավոր կլինի տեղակայել այն վայրի մոտ, որտեղ կարող է քիմիական, մանրէաբանական, ռադիոլոգիական կամ միջուկային բնույթի միջադեպ գրանցվել, ինչպես նաեւ աղետի գոտիներում։