Արիզոնայի համալսարանի գիտնականներն առաջին անգամ մանրամասն ուսումնասիրել են Cardiodictyon catenulum-ի՝ որդանման կենդանու կառուցվածքը, որի բրածոները պարունակում են գիտությանը հայտնի ամենահին ուղեղը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։

Cardiodictyon catenulum-ը 1,5 սանտիմետրից պակաս երկարությամբ ծովային արարած է, որն ապրել է ավելի քան կես միլիարդ տարի առաջ՝ Չինաստանի հարավային Յունան նահանգի ժայռերում: Բրածոն սկզբնապես հայտնաբերվել է 1984 թվականին։ Համարվում է, որ ուղեղը չի կարող քարանալ, բայց Cardiodictyon-ի դեպքում դա տեղի է ունեցել, ինչը թույլ է տվել գիտնականներին ուսումնասիրել հնագույն կենդանու նյարդային համակարգը: Բայց մինչ այդ ոչ ոքի մտքով չէր անցնում նման փոքրիկ արարածի ուղեղ փնտրել։

Նոր հետազոտության հեղինակները ոչ միայն նույնականացրել են Cardiodictyon-ի ուղեղը, այլեւ համեմատել են այն հայտնի բրածոների եւ կենդանի հոդվածոտանիների, այդ թվում՝ սարդերի ու բազմոտանիների ուղեղի հետ: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ուղեղի կազմակերպման ընդհանուր պլանը պահպանվել է քեմբրիայից մինչեւ մեր օրերը։

Բայց կա նաեւ մի անակնկալ՝ ժամանակակից հոդվածոտանիների եւ նրանց որոշ քարացած նախնիների գլուխներն ու ուղեղը մինչ այժմ հատվածականացված են համարվել: Cardiodictyon-ն ունեցել է հատվածական մարմին, սակայն գլուխն ու մարմինը զրկված են եղել սեգմենտացիայի որեւէ նշանից: Սա թույլ է տալիս ենթադրել, որ գլխուղեղը եւ մարմնի նյարդային համակարգը, հավանաբար, առանձին են զարգացել:

Հեղինակների խոսքով՝ հայտնագործությունը լուծում է երկար ու բուռն վեճերը հոդվածոտանիների՝ տեսակներով ամենահարուստ կենդանիների խմբի գլխի ծագման եւ կառուցվածքի վերաբերյալ: Հոդվածոտանիները ներառում են միջատներ, խեցգետնակերպեր, սարդեր եւ այլ սարդակերպեր, ինչպես նաեւ բազմոտանիներ։ Լոպոբոդները՝ խումբը, որի մեջ մտնում է Cardiodictyon-ը, կարող էին լինել ամենավաղ հոդվածոտանիները: Գիտնականների հայտնագործությունը կարող է պահանջել վերաշարադրել կենսաբանության բոլոր դասագրքերը: