«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչների, որ երեկ մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից:

Այս առնչությամբ ընդդիմադիր պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ըստ քաղաքացու, ում հետ զրուցեցի քիչ առաջ, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանպարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրել է իր հետ հարգանքով խոսել:

Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու տղան, որից հետո միջադեպին միջամտել են ավելի մեծ թվով Պարեկային ծառայության աշխատակիցներ (մեկ տասնյակից ավել), ովքեր, ըստ քաղաքացու, դաժան բռնություն են կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ:

Բռնության հետևանքով 2 քաղաքացի` այդ թվում նաև տարեց քաղաքացու անչափահաս թոռը բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում նաև կոտրվածքներով հայտնվել են հիվանդանոցում:

Ըստ քաղաքացու, այսօր ոչնչացվել են նաև միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը, իսկ իրենց հորդորել են որևէ կերպ չբարձրաձայնել դեպքի մասին:

Քաղաքացին խնդրում էր հնարավորինս հանրային ուշադրություն հրավիրել այս դեպքին:

Հրավիրում եմ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ուշադրությունը, պահանջելով անհապաղ պարզել դեպքի հանգամանքները, նշանակել ծառայողական քննություն, իսկ մինչ քննության ավարտը միջադեպին մասնակցած անձանց թույլ չտալ շարունակել կատարել ծառայողական պարտականությունները:

Հրավիրում եմ նաև իրավապաշտպանների ուշադրությունը, կոչ անելով թույլ չտալ միջադեպի արդյունքում տուժածների նկատմամբ ճնշումների գործադրմանը և օգնել նրանց պաշտպանել սեփական ոտնահարված իրավունքները»: